Home / Հայաստան / Բանտից գողության կազմակերպման մեջ մեղադրվողի դեմ ապացույցները նվազում են. փաստաբան

Բանտից գողության կազմակերպման մեջ մեղադրվողի դեմ ապացույցները նվազում են. փաստաբան

2009 թվականին Սևանում և Տաշիրում կատարված գողության և ավազակային հարձակման կազմակերպման մեջ մեղադրվող Համայակ Սահակյանի գործը Վճռաբեկ դատարանի կողմից վերադարձվել է առաջին ատյանի դատարան և այժմ դատաքննության փուլում է: 

Սահակյանը գործով 11 մեղադրյալներից մեկն է, և միակը, ում մասով Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ մեղավոր ճանաչելու մասին վճիռը բեկանելու և նոր քննության ուղարկելու մասին:  

Epress.am-ի հետ զրույցում Սահակյանի պաշտպան Արտակ Ոսկանյանն ասել է,  որ հավանական է, թե այս անգամ էլ դատարանը Սահակյանի դեմ որոշում է կայացնելու: Ըստ մեղադրականի՝ Սահակյանը, ով Սևանի քրեակատարողականում պատիժ էր կրում, գողությունը կազմակերպել է կալանավայրից:

Փաստաբանը նշել է, որ նոր դատաքննության փուլում Սահակյանի դեմ ապացույցները գնալով պակասում են:

Մասնավորապես, նիստերից մեկի ժամանակ դատավոր Արսեն Բաղդասարյանը, բավարարելով դատախազի միջնորդությունը, հեռացրել է ապացույցների շարքից երեք գաղտնի ցուցմունքները, որոնք խոսում էին Սահակյանի դեմ: Այժմ, սակայն, Ոսկանյանը պահանջում է, որպեսզի այդ ցուցմունքները տրվեն պաշտպան կողմին ծանոթանալու համար, քանի որ մինչ այժմ դրանք գաղտնի են պահվել: Ըստ Ոսկանյանի՝ հնարավոր է, որ այդ գատղնի ցուցմունքները դատարանի մոտ «ներքին համոզմունք են առաջացրել», թե Սահակյանը մեղավոր է:

Այնուամենայնիվ, դատարանը չի տրամադրում այդ գաղտնի ցուցմունքները: Բացի դա, դատարանի կողմից չի քննվում Ոսկանյանի միջնորդությունը, որով փաստաբանը պահանջում է անթույլատրելի ճանաչել հեռախոսային ձայնագրությունների մասին քննիչի արձանգրությունը: Փաստաբանը նշում է, որ  հեռախոսը, որից կատարվել են զանգերը, չի պատկանել Համայակին, այլ դատապարտյալ Կորյուն Աբրահամյանին: Քննիչը, իր հերթին, եզրակացրել է, որ բանտից հեռախոսազանգերը կատարվել են Համայակի կողմից, թեև դա չի կարող երևալ հեռախոսային օպերատորի տված արձանագրությունից:

Նախորդ քննության ժամանակ դատարանը հիմք էր ընդունել Կորյուն Աբրահամյանի ցուցմունքն այն մասին, որ իր որդին եղել է Սահակյանի խցակիցը և նրա հեռախոսն օգտագործել է՝ ինչ-որ զանգեր կատարեու համար: Մինչդեռ քրեակատարողական հիմնարկից ստացված հաստատումը ապացուցում է, որ Աբրահամյանի որդին՝ Տիգրանը երբեք Համայակի խցում չի եղել: Այս դեպքում ինքը՝ դատախազը, միջնորդել է  չեղյալ համարել Աբրահամյանի հոր ցուցմունքը:

Դատական հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 3-ին: 

Tekali Taxi