Հայաստանի իշխանություններին կոչ են անում բացառել խտրականությունը
Հայաստանի իշխանությունները պետք է հարգեն հավաքների և ազատ արտահայտման իրավունքն ու բացառեն խտրականությունը: Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության` Հայաստանին վերաբերող զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Հայաստանում հաճախ են հետապնդվում մարդիկ, ովքեր խոսում են բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերի մասին: Իշխանություները հանդուրժող չեն բանակի քննադատության հանդեպ, և դա բացատրվում է նրանով, որ բանակը մեծ դեր է ունեցել պետության քաղաքական զարգացումներում և հենց բանակին է վերագրվում ղարաբաղյան հակամարտությունում հաջողությունը:
Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է նաև, որ բանակային բարքերը քննադատելու համար ահաբեկվել են մի քանի լրագրողներ, իրավապաշտպաններ, այդ թվում՝ լրագրող Ժաննա Ալեքսանյանը, ակտիվիստ Լալա Ասլիկյանը:
Amnesty International-ը գրում է, որ նման հետապնդումները մտահոգության առիթ են տալիս՝ հաշվի առնելով նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունը, թե բանակի խնդիրներով զբաղվողները «անհայրենիք, աներկիր, անշնորհք մարդիկ են»:
Զեկույցի հեղինակներն անդրադարձել են նաև Հայաստանում սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականության դրսևորմանը և բռնության դեպքերին՝ հիշեցնելով, որ հաճախ դա արվում է իշխանության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, մեջբերվում են ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի խոսքերն առ այն, որ «բոլոր նրանք, ովքեր փորձում են իրենց պաշտպանության տակ առնել մեր հասարակությունը այլասերող նույնասեռականներին, պղծում են հայերիս ազգային նկարագիրը»:
Իրավապաշտպան կազմակերպության համաձայն, ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ հարձակումները ատելության հողի վրա են կատարվում: DIY ակումբի վրա հարձակմանն անդադառնալով՝ միջազգային կազմակերպությունը նկատել է, որ գործը դատարանում քննվել է միայն ուրիշի սեփականությանը վնաս հասցնելու մասով և դատարանն անտեսել է հանցագործների շարժառիթը: