Home / Հայաստան / Ինչ խախտումով են խմբագրելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը

Ինչ խախտումով են խմբագրելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կառավարությանն է ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
 
Դա, ըստ իրավապաշտպանների, պարզապես փորձ է զիջումների գնալու և բավարարելու որոշ ծայրահեղական խմբերի դժգոհությունները օրենքից: Փոփոխության մասին 27 ՀԿ-ների հայտարարությունը տարածել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
 
«2013 թ. մայիսի 20-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ և լիարժեք կարգովորող օրենսդրական ակտ: Միևնույն ժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի և անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական և խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ կառավարությունը պարզապես զիջում է այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաև այլ կարծիքներ», – ասված է հայտարարության մեջ:
 
Ըստ հեղինակների՝ այս փոփոխությունը կատարվել է օրենքի խախտմամբ, քանի որ օրենքի նախագիծը տեղադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mss.am ինտերնետային կայքում այն կառավարության օրակարգ ներկայացնելուց ընդամենը 4 օր (2 աշխատանքային օր) առաջ, մինչդեռ ըստ համապատասխան օրենքի հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է:
 
Հայտարարությունը ստորագրածների թվում են Կանանց աջակցման կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և այլ ՀԿ-ներ:
 
Հիշեցնենք, որ  նախագիծը ներկայացրել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և առաջարկել խմբագրել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և դրանից հանել «գենդեր» հասկացությունը: 

Tekali Taxi