Home / Հայաստան / Ոստիկանությունը ժամեր շարունակ ահաբեկել է ակտիվիստին ու նրա ընտանիքին. նամակ

Ոստիկանությունը ժամեր շարունակ ահաբեկել է ակտիվիստին ու նրա ընտանիքին. նամակ

Քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանի կինը՝ Ելենա Կոժեմյակինան, հայտարարություն  է տարածել այն մասին, որ օգոստոսի 31-ի գիշերը վեց անծանոթ տղամարդ հարձակվել են Արտանիշ գյուղում գտնվող իրենց տան վրա: Հարձակվողներն ուժեղ վախեցրել են Հարությունյանի 2-ամյա դստերն ու նախակաթվածային վիճակի հասցրել տան սեփականատիրոջը՝ Հրաչյա Միրզոյանին: Առավոտյան հանցագործները, ինչպես նաև իրավապահ մարմինների մի քանի այլ ներկայացուցիչներ, ներկայացել են ոստիկանական համազգեստով ու Հարությունյանին բաժանմունք կանչել` որպես վկա: Այժմ նա գտնվում է Ոստիկանության Էրեբունու բաժնում. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 72-ժամյա կալանք:  Հարությունյանի փաստաբանի խոսքով՝ նրան կասկածում են ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների իրականացման մեջ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Հարությունյանը, ով Նախախորհդարան սոցիալ-քաղաքական շարժման անդամ է, մասնավորապես, ներգրավված է Կոմիտաս 5 հասցեում էլիտար շենք կառուցելու դեմ անցկացվող ակցիաներում:

Իր նամակում Կոժեմյակինան ներկայացնում է հարձակման մանրամասներն ու խոստանում հետագայում տրամադրել տեղի ունեցածի տեսագրությունը:

«2013 թվականի օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը (1.20-ից մինչև առավոտյան 10.00-ը ներառյալ) ես, ամուսինս՝ Դմիտրի Հարությունյանը, մեր դուստրը (2011 թվականին ծնված), ինչպես նաև մեր ընկեր Հրաչյա Միրզոյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում դաժան հարձակման ենք ենթարկվել ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից: Գիշերը ժամը 1.20-ին երկու անհայտ անձինք կոտրել են Հրաչյա Միրզոյանի հողատարածքի դարպասներն ու անօրինական կերպով ներխուժել տարածք: Նշված անձինք (երկու տղամարդ՝ առանց փաստաթղթերի ու բացատրության) փորձել են կոտրել բնակելի շինության (տան) դուռը:

Տան սեփականատերը շատ էր վախեցել. նրան հասցրել են նախակաթվածային վիճակի: Չնայած դրան, նա կարողացել է զանգահարել շտապօգնություն ու ոստիկանության շրջանային բաժանմունք:

Ժամը 1.50-ին ժամանեցին ոստիկանության 6 աշխատակիցներ: Հրաչյա Միրզոյանը ստիպված էր 3 հարկանի տունը լքել մինչև առավոտյան ժամը տասը:

Տան սեփականատիրոջ օգնության ճիչերը, պայքարի ձայներն ու հայհոյանքներն իմ մանկահասակ աղջկան հիստերիայի հասցրին:

Ժամը 3.10-ին Միրզոյանը հեռախոսազանգի միջոցով կարողացավ հայտնել, որ հարձակումից կարողացել է խուսափել՝ թաքնվելով հարևանների տանը:

6 անհայտ տղամարդիկ ժամը 1.50-ից առավոտյան 8.00-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են հետևյալ գործողությունները՝ տուն ներխուժելու փորձեր, սպառնալիքներ, վիրավորանքներ իմ, ամուսնուս և դստերս հասցեին: Տվյալ անձինք քաղաքացիական հագուստով էին, առանց փաստաթղթերի, հրաժարվում էին ներկայանալ, ինչպես նաև պնդում էին, որ ոստիկանության աշխատակիցներ են:

Բացատրություն տրամադրելու, ներխուժման փորձերը, սպառնալիքներն ու վիրավորանքները դադարեցնելու իմ խնդրանքին պաշտոնական պատասխան չի տրվել:

Առավոտյան ժամը 5-ի սահմաններում հարձակվողներից մեկը փորձեց պատուհանից ներխուժել աղջկաս սենյակ, սակայն ես դիմադրություն ցուցաբերեցի (կարողացա կտրուկ փակել պատուհանը), բայց դրանից տուժեց երեխաս, ով ընկավ ու մինչև առավոտյան ժամը 10-ը գտնվում էր նյարդային վիճակում:

Նշված անձանց հետ իմ բանակցությունները օրենքի խախտումը դադարեցնելու վերաբերյալ ազդեցություն չունեցան:

Ես ասացի, որ իրավաբան եմ, տվեցի մեր ընտանեկան փաստաբանի հեռախոսի համարը, ինչպես նաև նրանց տեղեկացրի, որ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը տեղեկացվել է նշված գործողությունների մասին: Սակայն հոգաբանական բռնություն գործադրելու և տուն ներխուժելու փորձերը շարունակվեցին մինչև առավոտյան ժամը 10-ը:

Չնայած հեռախոսակապի խափանումներին, մեզ հաջողվեց կապ հաստատել Հանրապետության Ոստիկանության (1-02), Օմբուդսմենի գրասենյակի ու իրավաբանների հետ: Սակայն Երևանի ու Արթանիշ գյուղի միջև փաստացի հեռավորությունը մինչև ժամը 10-ը մեզ միայնակ թողեց ոստիկանության հանցավոր վարքագծի հետ:

Երևանից ժամանած ոստիկանության աշխատակիցները փաստաթուղթ ներկայացրին (ես ունեմ բոլոր հիմքերը ենթադրելու, որ նրանք ի սկզբանե այդ փաստաթուղթը չեն ունեցել ու պատրաստել են միայն իրավապաշտպանների ու Օմբուդսմենի գրասենյակի միջամտությունից հետո) Ոստիկանության Արաբկիրի բաժին որպես ՎԿԱ ներկայանալու մասին՝ 2013 թվականի օոգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակցի առողջությանը վնաս հասցնելու գործով:

Ժամանած անձանցից 6-ը հարձակվողների թվում էին, սակայն նրանցից միայն մեկն էր ոստիկանության աշխատակցի (փոխգնդապետի) համազգեստով:

Համաձայնության եկանք, որ ինձ, ամուսնուս ու երեխայիս վտանգ չի սպառնում, որ մեզ ֆիզիկական վնաս չի հասցվի մինչև մեր փաստաբանի ժամանելը և մենք կարող ենք ինքնակամ լքել 9 ժամ հսկողության տակ պահված տունը:

Ներկա պահին ամուսինս գտնվում է Ոստիկանության Էրեբունու բաժնում. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 72 ժամվա կալանքը: Փաստաբանի խոսքով՝ նրան կասկածում են ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունների իրականացման մեջ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

ԱՄՈՒՍՆՈՒՍ ՄԵՂՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՈՐԵՎԷ ՈՒՂԻՂ ՈՒ ՈՂՋԱՄԻՏ ԱՊԱՑՈՒՅՑ ՄԻՆՉ ԱՅԺՄ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ:

Ոստիկանությունը նման խիստ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ բացատրություն չի տվել»: 

Tekali Taxi