Home / Հայաստան / «Ընդհանուր առմամբ դա մեզ ձեռնտու է». Շավարշ Քոչարյանը՝ Մաքսային միության մասին

«Ընդհանուր առմամբ դա մեզ ձեռնտու է». Շավարշ Քոչարյանը՝ Մաքսային միության մասին

Գտնվել են լուծումներ, որոնք շահեկան են դարձնում Հայաստանի համար Մաքսային միության անդամակցումը: Այս մասին այսօր Կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա նշել է, որ այդ լուծումների մասին «դուք շուտով կունենաք պատկեր և կարող եք դատել, թե ինչ առավելություններ ենք մենք ստանում»:

Քոչարյանի խոսքով՝  եվրոպական գործընկերների համար ՀՀ իշխանությունների որոշումը չպետք է անակնկալ լիներ, քանի որ դրա մասին նրանց հայտնել էին մինչ Սերժ Սարգսյանի Մոսկվա գնալը:

Լրագրողը նշել է, որ Շավարշ Քոչարյանը նախկինում տված հարցազրույցներից մեկում ասել է, որ, Մաքսային միությանը միանալով, Հայաստանը կկորցնի ինքնորոշումը:

«Ես այդպիսի բան չեմ ասել»,- հերքել է Քոչարյանը՝ հավելելով, որ Միությանը միանալը ենթադրում է «ինչ-որ աստիճանի ինքնուրույն որոշումների սուվերենության պակաս» և  դա ցանկացած Մաքսային միությանն էլ վերաբերում է:

«Դա կապված է մաքսային քաղաքականության հետ, դրույքաչափերի հետ: Այդ աստիճանով կորցնելու է և՛ Ղազախստանը, և՛ Բելառուսը, և՛ Ռուսատանը, քանի որ կա վերազգային մարմին, որ ինքն է որոշում էդ տարիֆները, ընդհանուր սուվերենության կորցնելու մասին ես չեմ ասել ու չէի կարող ասել»,- ասել է Քոչարյանը:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի որոշումը ստացել են ճնշումների գնով՝  Շավարշ Քոչարյանը բացասական պատասխան է տվել՝ ասելով, թե «բանակցությունների, ծանրութեթև անելու արդյունքում՝ դու հասկանում ես, որ ընդհանուր առմամբ դա մեզ ձեռնտու է»: 

Tekali Taxi