Home / Հայաստան / ՄԱԿ-ի պաշտոնյաներին խնդրում են Հայաստան գալ. ինչու չեն հիշատակել Տիգրան Առաքելյանին

ՄԱԿ-ի պաշտոնյաներին խնդրում են Հայաստան գալ. ինչու չեն հիշատակել Տիգրան Առաքելյանին

Մի շարք հայաստանյան ՀԿ-ներ և քաղաքացիներ խնդրում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյինին և ՄԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար-զեկուցող Էլ Հաջի Մալիկ Սոուին այցելել Հայաստան և օգտագործել իրենց լծակը՝ դադարեցնելու Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները:

35 ՀԿ-ների, 4 քաղաքացիական նախաձեռնությունների և 4 ակտիվիստների ստորագրած հայտարարությունը տարածել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակռուպցիոն կենտրոն ՀԿ-ն (ԹԻՀԿ):

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ 2013 թ. հուլիսից ի վեր Հայաստանի քաղաքացիները Երևանի փողոցներում անցկացրել են բազմաթիվ խաղաղ ակցիաներ՝ ի պատասխան իշխանության տարբեր կառույցների կողմից իրականացվող ապօրինի և հակասական որոշումների և գործողություննների:

«Այդ ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանությունը գործում է որպես իշխանությունների ապօրինի որոշումների պաշտպան և չարդարացված խոչընդոտներ է հարուցում բողոքի ցույց իրականացնողների դեմ՝ դրսևորելով հիմնականում ապօրինի և հաճախ ոչ իրավաչափ վարքագիծ», – նշված է հայտարարության մեջ:

Որպես օրինակ նշվում է, որ ոստիկանական մեքենայի մեջ բաժանմունք տանելու ճանապարհին ոստիկանի կողմից դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, մինչդեռ քրեական գործը հարուցվել է ոչ թե հարձակվողի, այլ ակտիվիստի նկատմամբ:

«Որոշ ոստիկաններ կանանց հանդեպ բացահայտ սեռական վարքագիծ են ցուցաբերել/կամ սեռական բնույթի բառեր արտաբերել: Տաթևիկ Մայիլյանը հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ, գնդապետ Արայիկ Պետրոսյանը սպառնացել է իրան, վիրավորել անպարկեշտ սեքսուալ բնույթի արտահայտություններով: Իր գրավոր հայտարարության մեջ Շողիկ Մելքոնյանը չի բարձրաձայնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, երբ ոստիկանն այնքան է մոտեցել իրեն, որ ամբողջությամբ շոշափել է մարմինը: Նա նաև խոստովանել է, որ երբ ստիպել են մտնել ոստիկանության մեքենան, նույն ինքը` Արայիկ Պետրոսանը սեռական բնույթի հայհոյանքներ է շշնջացել իր ականջին՝ երեք անգամ սպառնալով դիմել որոշակի գործողության», – նշված է ՄԱԿ-ի հանձնակատարին ուղղված նամակում:

Ի հավելումն խաղաղ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության դրսևորած ապօրինի գործողության՝ Երևանում սկսել են գործել հանցավոր խմբեր, որոնք հարձակվում և ծեծի են ենթարկում քաղացիական ակտիվիստներին, հենց որ նրանք հեռանում են քաղաքացիական ակտիվության գործունեության վայրերից: Մասնավորապես, նշվում են Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծելու դեպքը, Արման Ալեքսանյանի վրա հարձակումը, Հայկակ Արշամյանին ու Սուրեն Սաղաթելյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքը:

Հայտարարության հեղինակները նաև նշում են Դմիտրի Հարությունյանի ձերբակալության, Կանանց ռեսուրսային կենտրոնի հասցեին հնչած սպառնալիքների դեպքերը: 

«Կոչ ենք անում, որպեսզի ձեռնարկեք գործողություններ՝ վերջ տալու բռնությանը մեր երկրում և պաշտպանելու մարդկանց կյանքը: Հաշվի առնելով Հայաստանի հատուկ կարգավիճակը և մշտապես Հայաստան այցելելու ձեր իրավունքը որպես հատուկ զեկուցողներ՝ խնդրում ենք, որ այցելեք Հայաստան, որպեսզի ավելի լավ ծանոթանաք իրավիճակին և օգտագործեք ձեր լծակը՝ դադարեցնելու Հայաստանի իշխանությունների ապօրինի գործողությունները», – եզրափակում են նամակի հեղինակները:

Նշենք, որ բազմաթիվ այլ դեպքերի կողքին նամակում նշված չի եղել Տիգրան Առաքելյանի գործի մասին, որն այժմ քննվում է Վերաքննիչ դատարանում: Epress.am-ն այդ հարցը ուղղել է ԹԻՀԿ փոխտնօրեն Սոնա Այվազյանին, ով նշել է, որ Տիգրան Առաքելյանի գործը շատ կարևոր է և նրա անունը չհիշատակելու մեջ ենթատեքստ չկա: Պարզապես, Այվազյանի խոսքով, հայտարարությունը վերաբերում է վերջին շրջանում խաղաղ հավաքների իրականացման ժամանակ ոստիկանության գործողություններին:

Tekali Taxi