Home / Տեսանյութեր / Զուրաբյանը երաշխավորության գումար կվճարի Տիգրան Առաքելյանի համար. կոչ դատավորին

Զուրաբյանը երաշխավորության գումար կվճարի Տիգրան Առաքելյանի համար. կոչ դատավորին

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է արել ստորագրել մի տեքստի տակ, որում առաջարկվում է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման իրավական լուծումը: Այս մասին Զուրաբյանը հայտարարել է Գլխավոր դատախազության մոտ՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների անցկացվող ուրբաթօրյա հերթական բողոքի ակցիայի ընթացքում:

Զուրաբյանի խոսքով՝ այդ առաջարկը ՀՀ յուրարաքանչյուր քաղաքացու արժանապատվության հարց է դառնալու մի պարզ պատճառով՝ «բոլորս բանտում ենք, քանի դեռ Առաքելյանն է բանտում»։

«Հիմա կոնկրետ խոսում եմ դատավոր Եվա Դարբինյանի մասին, ով հայտնի է նրանով, որ Մարտի 1-ով անցնող մեր քաղբանտարկյալ ընկերների գործերով բազմաթիվ անարդար վճիռներ է կայացրել: Նա շատ մեծ մեղքեր է գործել արդարադատության դեմ ու նրան եմ ուղղում խոսքս։ Այդ կինը մեղքի մեծ բեռից ազատվելու մի հնարավորություն ունի, եթե, անսալով մեր կոչին, ճիշտ որոշում ընդունի, ու բռնապետի կողմից ճնշված դատավորի մեջ արթնանա իր կոչմանը արժանի դատավորը», – ասել է Զուրաբյանը։

Վերջինս ընթերցել է իր կողմից Դարբինյանին ուղղված նամակը՝ հույս հայտնելով, որ դրանով մարդկանց մեջ կարթնանան խիղճը, օրենքի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը։

«Ես՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանս, ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 145-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, իմ խոսքով և մուծվող դրամական գումարով երաշխավոում եմ, որ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով կներկայանա և կկատարի այլ դատավարական պարտականությունները՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի։ Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ՝ ամբաստանյալ Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել  անձնական երաշխավորությունը՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես՝ դատարանի դեպոզիտ հաշվին», -ասել է Զուրաբյանը։

Նա վստահեցրել է, որ այդ կոչից հետո բազմաթիվ հեղինակավոր մարդիկ կմիանան ու դատավորի սեղանին նմանատիպ կոչերի այնպիսի քանակ է դրվելու, որ պարզ է դառնալու, թե ինչն է ավելի կարևոր՝ ապօրինի իշխանության որոշումը, թե ՀՀ քաղաքացիների պահանջը։

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան միանալ նշված նախաձեռնությանը, Զուրաբյանը կոչ է արել դիմել իրավապաշտպան Արմեն Խաչատրյանին 055 40-34-90 հեռախոսահամարով։

Նա նշել է, այդ նամակի բովանդակությամբ մի տեքստ է լրացրել նաև դերասան Հովհաննես Ազոյանը, ով, չվախենալով հնարավոր պատժամիջոցներից, արդարադատությունն ու իր քաղաքացիական արժանապատվությունը վեր է դասել իր կարիերայից։

«Նախաձեռնությանն է միացել նաև թատերագետ Լևոն Մութաֆյանը, ով նույնպես նամակով կոչ է ուղղել Դարբինյանին», – եզրափակել է Զուրաբյանը։

Tekali Taxi