Home / Տեսանյութեր / ԱՄՆ-ն չի ֆինանսավորում Հայաստանին հակակոռուպցիոն ոլորտում խնդիրների պատճառով. դեսպան

ԱՄՆ-ն չի ֆինանսավորում Հայաստանին հակակոռուպցիոն ոլորտում խնդիրների պատճառով. դեսպան

Հայաստանը չի համապատասխանում հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ-ի ներկայացվող պահանջներին, և դա է պատճառը, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը երկրում առայժմ չի իրականացվում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի համար կարող է վերաբացվել «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ֆինանսական օգնության խողովակը:

««Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան, դրա ֆինանսավորումը արտասահմանյան օգնության իսկապես եզակի գործիք է, որովհետև այն սերտագույնս կապակցված է ներքին բարեփոխումներին: Եթե որևէ երկիր չի համապատասխանում որոշակի ցուցիչների՝ մի ամբողջ ցուցակ, 13 ցուցիչներ քաղաքական, տնտեսական և դատաիրավական ոլորտներում, այն իրավասու չէ անգամ հավակնել այս սահմանափակ օգնությանը: Հայաստանը հաջողության հասավ առաջին փուլում, Հայաստանի հետ մենք շատ հաջող համաձայնագիր կնքեցինք, որի ուշադրության կենտրոնում ջրի և ոռոգման նախագծերն էին՝ հիմնականում Երևանից դուրս, մարզերում: Եվ այժմ մեր օժանդակությունը պիտի խրախուսի աճը մայրաքաղաքից դուրս, ինչը իրոք կարևոր է: Մենք կարողացանք դա անել Հայաստանի հետ միասին: Հայաստանի իրոք լավ ցուցանիշների հասավ ջրային այս նախագծերի իրականացման գործում։ Ուստի սա լավ հիմք էր՝ ընթացքը շարունակելու համար: Բայց առաջնայինն այստեղ ցուցիչներին համապատասխանելն է: Առանցքային ցուցիչը, և անկեղծ ասած՝ այն, որին այժմ Հայաստանը չի համապատասխանում, ճգնաժամի մեջ գտնվող հակակոռուպցիոն ոլորտն է: Այս ցուցիչը պետք է լինի այսպես կոչված՝ «կանաչ լույս»․ եթե այդպես չէ, երկիրը չի կարող հավակնել երկրորդ համաձայնագրին», – հայտարարել է Հեֆերնը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այդ ցուցիչն այժմ «կարմիր լույս» է, բայց այն շատ մոտ է այն մակարդակին, որը պահանջվում է «կանաչի» վերածվելու համար:

«Բայց այսօր փաստն այն է, որ հակակոռուպցիոն ցուցիչը Հայաստանի համար «կարմիր» դաշտում է: Մեր նպատակը հետևյալն է՝ մեր արտասահմանյան օգնության, համագործակցության, երկխոսության, Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի միջոցով բարելավել ցուցիչը այդ իրապես կարևոր ոլորտում, որպեսզի Հայաստանը կարողանա հետագայում հավակնել երկրորդ համաձայնագրի ստորագրմանը: Հուսով, որ դա տեղի կունենա շուտով», – ասել է Հեֆերնը:

Հիշեցնենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր 2006 թվականին` ԱՄՆ Պետդեպի ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրը կասեցվել է 2011-ի աշնանը: ԱՄՆ-ն պատճառաբանել էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները և հետագա զարգացումները լուրջ հարված են եղել Հայաստանում ժողովրդավարությանը : Ծրագրով ընդհանուր առմամբ ծախսվել է 177 միլիոն դոլար:

Tekali Taxi