Home / Տեսանյութեր / Ակտիվիստների մեքենաներին հարվածել է ԶԻԼ-ը. նրանք չեն հավատում պատահականությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստների մեքենաներին հարվածել է ԶԻԼ-ը. նրանք չեն հավատում պատահականությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս գիշեր՝ 02.30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի դիմաց վթար է գրանցվել. ԶԻԼ մակնիշի բեռնատար մեքենան բախվել է մոտ երկու ամիս նստացույց անցկացնող ակտիվիստների մեքենաներից երկուսին:

Նստացույցի մասնակիցներից մեկը՝ Սուրեն Սահակյանը, Epress.am-ին պատմել է, որ երջանիկ պատահականությամբ իրենք չեն վնասվել, քանի որ դեպքից մի քանի րոպե առաջ դուրս են եկել մեքենաներից՝ դրսում զրուցելու: Վթարից հետո ԶՒԼ-ի վարորդը, ըստ ակտիվիստների, հակասական բացատրություններ է տվել, նախ ասել, թե քունը տարել էր ղեկին, հետո նշել է, որ բեռնատարի արգելակները չեն աշխատել:

Այս վթարը նստացույցի մասնակիցները համարում են դիտավորություն: Նրանց խոսքով՝ դա ակցիայի մասնակիցներին սատարող քաղաքացիներին ծեծի ենթարկելու գործելաոճի շարունակությունն է, պարզապես այս անգամ թիրախ են ընտրել հենց նստացույցի մասնակիցներին, քանի որ երեք մեքենաները շուրջ երկու ամիս որպես օթևան էին ծառայում նստացույց անողների համար:

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ակտիվիստների վթարի ենթրակված 2 մեքենաները տարել են տուգանային հրապարակ: Ոստիկանության պատճառաբաննությունն այն է, որ հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի, ուստի մեքենաները պետք է մնան տուգանային հրապարակում:

Սահակյանի խոսքով՝  վթարը չի կարող պատճառ հանդիսանալ իրենց ակցիայի դադարեցման համար՝  քաղաքացիները շարունակելու են գիշերել իրենց տրամադրության տակ մնացած մեկ մեքենայի մեջ: Ակտիվիստները նաև հույս ունեն, որ քաղաքապետարանին ուղղված պահանջը կիսող մարդկանցից կգտնվեն մեքենա տրամադրողներ:  

Սուրեն Սահակյանն ասել է, որ իրենք սպասում են, որ քաղաքապետարանը կտրամադրի դեպքի տեսաձանագրությունը, որն արվել է տարածքը վերահսկող տեսախցիկների կողմից:

Նշենք, որ նստացույց անցկացնող Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Երեք երիտասարդներին մի խումբ ակտիվիստներ են աջակցում:

Մանրամասները՝ տեսանյութում.

Tekali Taxi