Home / Հայաստան / Մխիթարյանի թիմը անհաջող մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Մխիթարյանի թիմը անհաջող մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, անհաջող մեկնարկեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում:

F խմբում ընդգրկված դորտմունդցիները սեպտեմբերի 18-ին մրցակցի հարկի տակ հանդիպել էին իտալական «Նապոլիի» հետ: Վերջինս գտնվում է լավ խաղային վիճակում, ներքին առաջնությունում հիանալի է հանդես գալիս:

Հենց առաջին րոպեներին իտալական ակումբի ֆուտբոլիստները տիրեցին նախաձեռնությանը, իսկ «Բորուսիան» ոչ մի կերպ չէր կարողանում ցուցադրել իրեն բնորոշ արագ, տեմպային խաղը: 29-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը գլխի հարվածով բացեց հաշիվը:

Դրանից հետո «Բորուսիայի» համար ամեն ինչ էլ ավելի վատացավ: Նախ՝ մրցավարի վրա բղավելու և վիճելու համար պահեստայինների նստարանից հեռացվեց թիմի մարզիչ Յուրգեն Կլոպը:

Իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին տուգանային հրապարկից դուրս ձեռքով խաղաց և դաշտից հեռացվեց գերմանական ակումբի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը:   

Երկրորդ խաղակեսում «Նապոլին» շարունակեց վստահ գործել՝ կրկնապատկելով հաշիվը՝ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լորենցո Ինսինյեն:

Հենրիխ Մխիթարյանը, ինչպես և ամբողջ թիմը գրեթե ոչնչով աչքի չընկավ առջևում, նա ավելի շատ օգնում էր պաշտպաններին: Մխիթարյանը փոխարինվեց 76-րդ րոպեին, իսկ հանդիպման վերջում 10 հոգով խաղացող «Բորուսիան» հանկարծ ոչ-ոքիի հնարավորություն ստացավ: Սունյիգան, փորձելով դուրս բերել գնդակը տուգանային հրապարակից, գրավեց սեփական դարպասը:

Դրանից հետո գերմանացիները շարունակեցին ճնշումը, սակայն չկարողացան երկրորդ անգամ աչքի ընկնել: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:1 ի օգուտ «Նապոլիի»:

Նույն խմբում «Արսենալը» ծանր պայքարում կարողացավ մրցակցի հարկի տակ պարտության մատնել Մարսելի «Օլիմպիկին» 2:1 հաշվով:

Օրվա ամենամեծ անակնկալը գրանցվեց Լոնդոնում, որտեղ Ժոզե Մուրինյույի «Չելսին» անշուք ֆուտբոլ խաղաց՝ զիջելով համեստ շվեյցարական «Բազելին» 2:1 հաշվով: Նշենք, որ «Չելսին» բացեց հաշիվը առաջին կեսի վերջին րոպեին՝ աչքի ընկավ բրազիլացի Օսկարը, սակայն երկրորդ խաղակեսում շվեյցարացիները 2 գնդակ խփեցին՝ Մոհամեդ Սալահի և Մարկո Շտերլերի ջանքերով: Նույն խմբում գերմանական «Շալկեն» վստահ հաղթանակ տոնեց ռումինական «Ստայուայի» նկատմամբ՝ 3:0:

G խմբում անակնկալներ տեղի չունեցան. Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում պարտության մատնեց ռուսաստանյան «Զենիթին» 3:1 հաշվով, իսկ պորտուգալական «Պորտուն» մրցակցի հարկի տակ նվազագույն 1:0 հաշվով հաղթեց ավստրիական «Աուստրիային»:

Եվ վերջապես H խմբում հաջողության հասան դաշտի տերերը: Իսպանական «Բարսելոնան» Լեո Մեսսիի հեթ-տրիկի օգնությամբ հաղթեց հոլանդական «Այաքսին» 4:0, իսկ իտալական «Միլանը», հանդիպման վերջում 2 գնդակ խփելով, պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին»:

Tekali Taxi