Home / Հայաստան / Ատելության խոսք, ընտանեկան բռնություն. հայկական սերիալների ուղերձները

Ատելության խոսք, ընտանեկան բռնություն. հայկական սերիալների ուղերձները

Սերիալները պատկերում են Հայաստանի ժամանակակից, կենցաղային կյանքը: Ամեն երեկո հեռուստացույցի միջոցով ընտանիք մտնող սերիալի հերոսը նաև իրական կյանքում հասարակական այս կամ այն կարևոր հարցի մասին է կարծիք ձևավորում: Այս մասին Media.am կայքում գրում է մեդիա ոլորտի փորձագետ, լրագրող Գեղամ Վարդանյանը, ով փորձագիտական վերլուծություն է ներկայացրել, որը հիմնված է այժմ հեռարձակվող երկու սերիալներում հնչած մի քանի երկխոսությունների բառացի սղագրության վրա:

«Քննարկենք երկու տարբեր հեռուստատեսային ալիքներով երկու տարբեր սերիալների դրվագները:

Առաջին դրվագ. «Հարազատ թշնամի», սերիա 116, «Արմենիա» հեռուստաընկերություն (19:50-ից 21:20-ի դրվագը):

Մայրը զանգում է աղջկան և հարցնում՝ արդյո՞ք ամուսինը նրան երեկ ծեծել է: Աղջիկն ասում է, որ ո՛չ, ամուսինն իրեն չի ծեծել: Ու սկսվում է երկխոսությունը:

– Հըլը թող փորձեր: Ոստիկանություն կդիմեինք, կբողոքեինք:

– Մամ, էդ դու քանի՞ անգամ ես ոստիկանությունում պապայի դեմ բողոքել:

– Իյա… Բայց ես ինչու՞ պետք է իմ ամուսնու դեմ բողոքեի: Ինչի իմ ջանուլը ե՞րբ ա իմ վրա ձեռ բարձրացրել, որ..

– Մամա, մենակ մի քանի անգամ իմ ու Միշի առաջ ա դա արել:

– Դե… հա բալա ջան, բայց դե դա նորմալ ա: Գիտե՞ս ինչ, հետո մի բան էլ ասեմ քեզ, էլի: Էդ ո՞ր մի սիրող ամուսինը իրա կնոջ վրա ձեռք չի բարձրացնում: Ու ավելին ասեմ՝ ո՞ր մի սիրող կինը կգնա ու կբողոքի իր ամուսնու դեմ:

– Բա էդ ինչի՞ ոստիկանություն չես դիմել:

– Իյաաա… Գժվա՞ր, այ աղջի: Մեր հայ ազգը տենց աննորմալ բաներ չունի: Ու դա լավ ա, որ չունի: Իյաաա… Ո՞վ ա տեսել, այ մարդ, կինը ամուսնու դեմ բողոքի, երեխեն՝ ծնողի, ծնողը՝ երեխու… Վաաայ… Էն ա ասա՝ գնանք մեռնենք, էլի:

– Դե ես էլ էդ եմ ասում: Եթե թեկուզ Սպոն ձեռք բարձրացրած լիներ, ես երբեք ոչ մի տեղում չէի բողոքի, պա՞րզ ա:

Հասկանալի են, չէ՞, այս դրվագի ուղերձները.

ա. Նորմալ է, երբ ամուսինը կնոջը ծեծում է

բ. Սիրող ամուսիը կնոջը պետք է ծեծի, կամ եթե ծեծում է, ուրեմն սիրում է

գ. Ամուսնու ծեծից հետո ոստիկանություն դիմելը հայ ազգի համար աննորմալություն է

դ. Ընտանեկան վեճերի ամենաճիշտ լուծումը ծեծն է:

Սերիալը լրացուցիչ անգամ ամրապնդում է կարծրատիպերը, որ կան Հայաստանում ընտանեկան բռնության մասին: Ու հետաքրքիր է՝ ինչպե՞ս են արձագանքելու (եթե արձագանքեն) այս դրվագին ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք, ի դեպ, նույնպես առաջարկում են ընտանիքում բռնության ենթարկված կանանց նախ՝ իրենց դիմել, հետո նոր ոստիկանություն: Հետաքրքիր է իմանալ նաև սերիալով հնչեցվող «Ոստիկանություն դիմելը նորմալ չէ»  ուղերձն ինչպե՞ս է որակավորում ոստիկանությունը:

Երկրորդ դրվագ. «Քաղաքում», 13.09.2013, «Շանթ» հեռուստաընկերություն (32:15-ից 36:08-ի դրվագը):

Ոսկեզօծ կահույքով ու դատարկ սեղանով սենյակում նստած են երեք ընկեր: Նրանց է միանում չորրորդն ու հայտնում լուրը՝ «համասեռամոլների մասին օրենքի հարցը պիտի դրվի քննարկման»: Ու ընկերներն սկսում են.

– Ապե, ուզում ես ասել Հելմանը ու Հելմանի նմանը կարան իրար հետ ամուսնանան ու իրանց ասեն մի բարձի ծերանա՞ք…

– Տենց ա դուրս գալիս, էլի:

– Արա ո՞նց, ախպեր: Խոսքի, ասենք, երեխուս հետ քայլում եմ, մեկ էլ իրար հետ գրկախառնված միասեռամոլների ենք տենում, հա՞… Երեխես ասում ա՝ պապ, էս խի ա սենց, ես իրան բացատրում եմ, որ դրանք օրինական ամուսիննե՞ր են… հա՞, ախպեր…

– Արա, ապե, կամ, ասենք, տունս մի հատ դռել ա պետք ըլնում, երեխուս պտի ղրկեմ, ասեմ՝ գնա Վաչիկ ծյոծյայենց տնից բե՞ր…

– Չեմ ջոգում արա, Վրաստանի չափ էլ չկա՞նք, ախպեր արա… Մերժին էդ օրենքը, արա:

– Կամ Ռուսաստանի, ախպեր արա… Ուզում ա հարյուր տարի էլ անցնի, էդ երկրում ով նախագահ ըլնի, էդ օրենքը վսյո, չի ընդունվում:

– Վաախ, արաա: Արա, լավ, չեմ ջոգում, ուրիշ հարց չկա քննարկելու, էդ պիտի քննարկե՞ն, ախպեր արա..

– Լավ, էդ սաղ հեչ, ախպեր, բա Աստված ի՞նչ կասի: Չի ասի՞՝ այ առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովուրդ, մոռացա՞ք էդ Սոդոմ-Գոմորի պատմությունը:

– Արա, ես ինձ հազիվ եմ զսպում, որ քշերը չգնամ էդ գոմայգի.. էդ դրանց էդ.. մաղեմ դրանց, ախպեր արա… Ինչ-որ քննարկման մասի՞ն ա հարցը գնում արա..

– Վախ, հորս արև, արա…

– Արա, չկա էլ է նենց բան, որ յանի էդի հիվանդություն, յանի ինքը ի՞նչ մեղք ունի, որ գնացել համասեռամոլ ա դառել: Սուտ ա, արա, չհավատաք ով տենց բան կասի: Իրանք իրանց ընտրությամբ գնում համասեռամոլ են դառնում, արա…

Սերիալի այս դրվագում էլ նույնասեռականության խնդրի շուրջ են կարծրատիպերը ամրապնդվում: Հասարակությունն առանց այդ էլ ծայրահեղ անհանդուրժող է նույնասեռականների հանդեպ, ու սերիալն օտագործվում է այդ անհանդուրժողականությունը խորացնելու համար:

Սերիալի ընթացքում հեռուստացույցից ուղերձներ են հնչում, որոնք, մեղմ ասած, իրականության հետ կապ չունեն (օրինակ՝ Հայաստանում չկա նույնասեռականների ամուսնությունը թույլատրող օրինագիծ), կոպիտ ասած՝ թշնամանք են քարոզում նույնասեռական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ:

Ու մի քիչ էլ թեմայի արդիականության մասին: «Շանթ»-ի սերիալի հերոսն ասում է՝ «ուրիշ թեմա չկա՞, որ էդ են քննարկում»: Ստացվում է՝ հասարակության համար կարևոր ուրիշ թեմա չկա, որ հեռուստատեսային սերիալներում ընտանիքում կնոջը ծեծելու կամ նույնասեռականների թեման են քննարկում:

Ու վերջում. այս երկու դրվագները կարծես հայ իսկական տղամարդու հավաքական մի կերպար են կերտում, որը ուրույն ու շատ աղքատիկ բառապաշար ունի, սովոր է պարբերաբար ծեծել կնոջը (սիրելով, իհարկե), ծաղրել նույնասեռականներին ու խոսել Աստծո անունից»:

Վարդանյանի հոդվածը ամբողջությամբ հրապարակվել է media.am կայքում:

Tekali Taxi