հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ոռոգման ջրից զրկված գյուղացիները պատրաստ են փակել Երևան-Արմավիր մայրուղին

Ոռոգման ջրից զրկված գյուղացիները պատրաստ են փակել Երևան-Արմավիր մայրուղին

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի բնակիչները պատրաստ են դիմել ծայրահեղ միջոցների՝ մինչև իսկ  փակել Երևան-Արմավիր մայրուղին, եթե կառավարության խոստմանը համաձայն՝ վաղը կեսօրին չսկսվի համայնքի ջրամատակարարումը: Այս մասին հայտարարել են Еpress.am-ի խմբագրություն ահազանգած մի քանի բնակիչներ:

Մեր թղթակցի հետ զրույցում համայնքի բնակիչ, ավագանու անդամ Թաթուլ Սողոմոնյանը պատմել է, թե 15 օր է, ինչ իրենց համայնքը զրկված է ոռոգման ջրից:

«Կառավարության տված հացահատիկը արդեն 5 օր է՝ ցանել ենք ու ոչ մի կաթիլ չենք ջրել, եթե չես ջրում, ամբողջ սերմը ագռավների բաժին է դառնում»,- պատմել է ավագանու անդամը:

Նա նշել է, թե ջրամատակարարումն իրականացնող Արմավիրի մարզի Ջրառ ընկերությունը բնակիչների պահանջով պարզաբանել է, թե մարզի տարբեր համայնքներին ջուրը բաշխվում է երեք օրով, ու այժմ հերթը ուրիշներինն է:

«Արդեն հինգ հատ երեք օր է անցել, մենք սպասում ենք: Այսօր ստիպված զանգել եմ կառավարության թեժ գիծ ու զգուշացրել, թե կտրուկ քայլեր ենք ձեռնարկելու: Ասացին, որ նիստի ավարտին նոր որոշակի պատասխան կտան, հետո էլ տեղեկացրին, թե վաղը մինչև ժամը 12:00-ն ջուր կունենանք: Էսքան սպասել ենք, մի օր էլ կդիմանանք, եթե սուտ եղավ, գիտենք՝ ինչ ենք անելու», – եզրափակել է Սողոմոնյանը: