Home / Տեսանյութեր / «Հետք»-ը չպետք է իր տեղը զիջի. լրագրողները մեկնաբանում են կայքի հնարավոր փակման մասին լուրը

«Հետք»-ը չպետք է իր տեղը զիջի. լրագրողները մեկնաբանում են կայքի հնարավոր փակման մասին լուրը

«Հետք» լրատվական կայքը հավանաբար փակման եզրին է հայտնվել այն բանից հետո, երբ կայքի կողմից ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով բացահայտումներ են արվել: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել լրագրող Արմեն Դուլյանը:

Նա նշել է, թե կարդացել է խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը, սակայն միանշանակ չի հասկացել՝ փակվելո՞ւ է  կայքը, թե՞ ոչ: 

«Կարծում եմ՝ վատ է, քանի որ Հայաստանում հետաքննական լրագրությունը այնքան էլ զարգացած չէ, ու «Հետքը» միակն էր, որը քիչ թե շատ օբյեկտիվորեն էր լուսաբանում հայաստանյան իրադարձությունները: Երբ կայքը բացահայտեց վարչապետի կիպրոսյան հաշիվները, վերջինս ամռանը խոստացավ ամեն ինչ պարզաբանել, սակայն սեպտեմբերի վերջն է, ու ոչ մի բացատրություն նրանից չլսեցինք: Կիպրոսի դատախազն էլ նույնը խոստացավ ու էլի ոչինչ չասաց, ինչը շատ մեծ կասկածներ է առաջանցում՝ արդյո՞ք այս երկու դեպքերը կապված չեն ու եթե կայքը փակվելու է՝ արդյո՞ք էնպիսի իրադրություն չեն ստեղծել, որ կայքը փակվի»,- ասել է Դուլյանը:

Լրագրողը անդրադարձել է նաև Բաղդասարյանի հայտարարությանը, մասնավորապես, այն խոստմանը, թե բացահայտելու է՝ որ լրատվականը ում է  պատկանում:

«Ես էլ աշխատել եմ մի քանի լրատվամիջոցում ու անկեղծ, այնքան էլ պատկերացում չունեմ՝ իրականում դրանք ում են պատկանում, միայն խոսակցություններ եմ լսել: Եթե ինքը կարողանա փաստեր բերել՝ ինձ համար շատ հետաքրքիր կլինի: Մեծ հետաքրքրությամբ կհետևեմ իր  բացահայտումներին, մանավանդ, նշում է, թե կհայտնի այն լրագրողի անունը, որը կատարում է վարչապետի առաջադրանքը, մի խոսքով ինտրիգը ստեղծվել է: Ամեն դեպքում աղմկահարույց ու մինչև հիմա  չպարզաբանված բացահայտումներն ու թերթի փակումը համընկան, այ եթե փակումը լիներ մինչ դա, չէի զարմանա»,- եզրափակել է Դուլյանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գևորգյանը վստահեցրել է, թե իր հարթության մեջ՝ կատարած ահռելի հետաքննությունների շնորհիվ, «Հետքը» մոնոպոլիստ է ու չունի իրեն հավասարը:

Նա նշել է, թե այդ ամենն արվել է մեծ պրոֆեսիոնալիզմով ու հետևողականորեն,ու միայն վերջին սկանդալայնին բացահայտումները՝ «Նաիրիտը», «օֆշորները», շատ մեծ արժեք են ներկայացնում:

Գևորգյանը շատ ցավալի է համարել այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն, ասենք, «Քիմ  Քարդաշյանի» անունով արժեթղթերի մասին նյութերը, քան հետաքննականները:

«Բաղդասարյանը ճիշտ է ասում, որ ով չի ալարում՝ կայք է բացում ու դա օգտագործում  իր PR-ի կամ որևէ մեկի դեմ սև PR-ի համար: Բանը հասել է նրան, որ տխրահռչակ օլիգարխները մի քանի կայք են բացում ու բացահայտ հայտարարում, թե դրանցով պետք է տոպկեն: Այսպիսի խայտառակությունն ու այլանդակությունն ուղղված են լրատվական դաշտի դեմ, ու այդ պատերազմում պետք է փորձենք տանուլ չտալ», – ասել է Գևորգյանը:

Վերջինս ընդգծել է, թե ամեն դեպքում կփորձի հետ պահել Բաղդասարյանին կայքը փակելու գաղափարից:

«Այնպես չէ, որ ինքը մրցակցությանը չդիմացավ, այդ ոլորտում ինքը մրցակիցներ չունի: Կխնդրեմ Էդիկին, պատրաստ եմ դա անել անգամ հրապարակավ, որ իր տեղը ոչ մեկի չզիջի, չնայած համոզված եմ, որ այն ոչ մեկը չի էլ կարող զբաղեցնել», -եզրափակել է Գևորգյանը:

ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանը մտահոգիչ է համարել Բաղդասարյանի հայտարարությունը ու նշել, թե այն խոստումները, որոնք տվել է վերջինս՝ մերկացնող հետաքնական հրապարակումների հետ կապված, գուցե, կլինի լրատվական դաշտը սևի ու սպիտակի բաժանելու վերջին քայլը:

«Ճիշտ է, լրատվական դաշտում նման բաժանումները եւ քաղաքական ուժերի ազդեցությունների դաշտում գործելը ինձ համար դասական առումով անընդունելի են, բայց քանի որ մեր լրատվական դաշտը ուղղակիորեն արտացոլում է քաղաքական դաշտի իրողությունները, այդ առումով ուզենք, թե չուզենք պետք է բաժանվենք՝ կամ իշխանականի, կամ ընդդիմադիրի», – ասել է Խանումյանը:

Նա շատ զարմանալի, բայց միաժամանակ տխրեցնող փաստ է համարել  «Հետքի» պես լրատվականի հնարավոր փակման լուրը:

««Հետքը» դասական առումով հատաքննական  լրատվությոն էր ու շատ բացահայտումներ արեց, որոնք ազդեցին քաղաքական դաշտի իրողությունների վրա,  մասնավորապես՝ ամենասկանդալային բացահայտումները  «Նաիրիտի» հետ կապված, որտեղ շոշափվում էր Տիգրան Սարգսյանի անունը, օֆշորի թեման, որտեղ կրկին վարչապետի անունն էր շոշափվում, կարծում եմ, որ ոչ ոք չի կարողանա լրացնել «Հետքի» թողած բացը», – ասել է Խանումյանը:

«168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նույնպես խորը ցավ ու ափսոսանք է  հայտնել կայքի հնարավոր փակման կապակցությամբ:

«Այսօր մեդիադաշտը ողողված է լրատվամիջոց անվան տակ օրական ծլած կայքերով: Մամուլի աշխատակիցներս հասկանում ենք, որ դրանք մեդիայի հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեն: Դրանք ժամանակավոր գոյացություններ են, որոնք ինչ-որ պաշտոնյաների կամ  օլիգարխների ձեռքին գործիք են: «Հետքը» այն քչերից էր, որի փակումը երբեք չէի ցանկանա», – եզրափակել է Սեյրանյանը:

Tekali Taxi