Այսօր գլխավոր դատախազության դիմացի մայթին միաժամանակ երկու բողոքի ակցիա է կայացել. մեկը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, մյուսը՝ ի պաշտպանություն խոտի դեզի գործով անցնող Արամ Մուղալյանի:
Արամ Մուղալյանին սատարողների խումբը վերջինիս մոր հետ որոշել է անցնել փողոցը և ակցիան շարունակել դատախազության շենքի մոտ, սակայն հսկողություն իրականացնող մոտ 3-4 տասնյակ ոստիկանները նրանց թուլլ չեն տվել տեղաշարժվել՝ պատճառաբանելով, թե դատախազությունը ռեժիմային օբյեկտ է ու հսկողության տակ է:
Երբ Մուղալյանի մայրը՝ Վարդուհի Շափաղաթյանը փորձել է պարզաբանում ստանալ, ոստիկանության կենտրոնի բաժնի պետի տեղակալ Արթուր Գևորգյանը մատնանշել է Առաքելյանի համար անցկացվող ուրբաթօրյա ակցիաները՝ շեշտելով, թե «դա անում են նորմալ, մարդվարի», չեն խոչընդոտում տեղաշարժին՝ «խելոք կանգնում են»:
Մուղալյանի մայրը նշել է, որ դատախազությունից պահանջում են ապահովել արդար դատավարություն, արդարացնել Արամին ու նրա ընկերներին, հետո բացահայտել նախաքննության ընթացքում թույլ տված բազմաթիվ խախտումները:
Նա նաև ավելացրել է, թե որդին արդեն ներկայացրել է իր պահանջները ու միայն կատարվելուց հետո կդադարեցնի ջրադուլը, իսկ հացադուլը կշարունակվի, մինչդեռ ինքը խնդրել է դադարեցնել երկուսն էլ, քանի որ պայքարի այլ միջոցներ կան:
Արամ Մուղալյանի մայրը՝ Վարդուհի Շափաղաթյանը
Նշենք, որ այսօր Մուղալյանի ընկերները գնացել են բանտ՝ նրան այցելելու, սակայն երկու ժամ սպասելուց հետո նրանց հնարավարություն չեն տվել տեսակցել ընկերոջ հետ:
Լրագրողների հետ զրուցելուց հետո ակցիայի մասնակիցները հեռացել են, իսկ Առաքելյանի համակիրները շարունակել են արտահայտել իրենց բողոքը՝ վանկարկելով՝ «Սերժիկ, հեռացիր»:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, թե արդեն 1000-ից ավել մարդ է ստորագրել Առաքելյանին ազատ արձակելու պահանջն արտահայտող փաստաթղթի տակ:
«Հոկտեմբերի 7-ին դատավոր Եվա Դարբինյանը կարող է վճիռ կայացնել ու Տիգրանին ազատ արձակել անմիջապես դահլիճից՝ պետք է վճիռ կայացվի ու այդ վճռի հոդվածը պետք է տեղավորվի համաներման հոդվածների մեջ: Բարի կամքի դեպքում կարող է արագ քննարկել, որոշում կայացնել, կարող են արագ ասել իրենց մոտեցումները և ազատել հենց դահլիճից», – ասել է Մանուկյանը, այնուամենայնիվ, հավելելով, որ ամենևին անօրինական չէ, որ դատավորը շարունակի ամբողջ գործընթացը՝ հարցաքննի վկաներին, մեղավորներին և տեսականորեն դա տևի մինչև դեկտեմբերի 25-ը: