Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնող քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանի խոսքով՝ քաղաքապետարանի դիմաց իր պահվածքի մասին ոստիկանության հայտարարությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ այս գիշեր ժամը 02:20-ի սահմաններում մոտենալով Երևանի քաղաքապետարանի դիմացի աստիճաններին՝ Մինասյանը գոռացել է, թե «ո՞ւր է ոստիկանը»:
«Ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել են Վահագնին՝ փորձելով պարզել, թե ինչ է կատարվում, ինչու է նա բղավում և աղմկում։ Պարզելով, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ է՝ ոստիկանները նախ փորձել են հանգստացնել նրան, կարգի հրավիրել, հետո էլ առաջարկել են իրենց օգնությունը, սակայն Վահագնը շարունակել է գոռգոռալ, ցավագին է ընդունել ոստիկանների դիտողությունները, անհարգալից վերաբերմունք դրսևորել»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Epress.am-ի հետ զրույցում Մինասյանն ասել է, որ ինքը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ, չի բղավել, ընդամենը քաղաքապետարանի աստիճաններին է մոտեցել և, լսելով մեքենայից դուրս եկող ոստիկանի հարցը, թե արդյոք խնդիր կա, ասել է, որ ուզում էր տեսնել՝ կա դրսում ոստիկան, թե՝ ոչ:
Երբ ոստիկանն ասել է, որ դրսում հերթապահողն ինքն է, Մինասյանը պատասխանել է, որ նա նոր է դուրս եկել մեքենայից:
Այդ պահին մեքենայի պատուհանը իջեցվել են, և ներսում գտնվող բարձրաստիճան մի ոստիկան կոպիտ է խոսել ակտիվիստի հետ՝ հորդորել է կարգի գալ: Վիճաբանությունն ավարտվել է Մինասյանին ոստիկանություն տեղափոխելով: Նա բացատրություն է գրել և հեռացել:
Ըստ ակտիվիստի՝ ոստիկանության սուտ հայտարարությունը հերթական փորձն է վարկաբեկելու քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնողներին: Հիշեցնենք, որ հուլիսի վերջից նստացույց անցկացնող Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: Երեք երիտասարդներին մի խումբ ակտիվիստներ են աջակցում:
Լուսանկարը՝ Վահե Գևորգյանի Facebook-ի էջից