Home / Հայաստան / Դատարանում վատացել է խոտի դեզի գործով մեղադրյալների ինքնազգացողությունը

Դատարանում վատացել է խոտի դեզի գործով մեղադրյալների ինքնազգացողությունը

Խոտի դեզի գործով դատական նիստն այսօր կարճ է տևել, քանի որ դատարանի դահլիճում մեղադրյալներից երկուսի  ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնությունը նրանցից մեկին՝ Արթուր Քլյանին տեղափոխել է հիվանդանցոց: Ինչպես դատարանից Epress.am-ին է փոխանցել գործով ամբաստանյալ Ռոբերտ Փիլոյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանը, Քլյանի և Ռոբերտ Փիլոյանի վիճակը վատացել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է Արամ Մուղալյանի պաշտպանի և իրենց միջնորդությունները՝ կալանավորվածների նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Նշենք, որ կալանքի տակ են գտնվում 4 մեղադրյալներից 3-ը՝ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը:

Մուղալյանի պաշտպան Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է երկու պատգամավոների անձնական երաշխավորագրեր՝ միջնորդելով փոխել խափանման միջոցը, իսկ  Ռոբերտ Փիլոյանի պաշտպանական կողմի միջնորդության հիմքում դատաբժշկական փորձաքննություն էր, որի համաձայն Փիլոյանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:

«Երբ լսեց, որ դատարանը մերժեց, Քլյանը վատացավ, կրկնում էր՝ վերջ, մեզ կդատեն, ինձ էլի կտանեն ՔԿՀ: Այսպես չկարողացան նրան հանգստացնել, շտապօգնությունը նրան տեղի հիվանդանոց տեղափոխեց: Ռոբերտի համար ևս շտապօգնություն կանչեցինք, սիրտը էլի վատացավ, նրան օգնություն ցույց տվեցին ՁՊՎ-ում»,- պատմել է փաստաբանը:

Խոտի դեզի գործով մեղադրվողներից Քլյանը միակն է, ում նկատմամբ դատարանը համաձայնել է փոխել խափանման միջոցը՝ կալանքը (ազատել են գրավի դիմաց), քանի որ նա նման ինքնազգացողության վատացման դեպքեր նախկինում ևս ունեցել է՝ կալանքի տակ մնալու պատճառով: Այսօր միջնորդությունը մերժելով՝ դատարանը ասել է, որ մեղադրյալները, ազատության մեջ լինելով, կխուսափեն դատարան ներկայանալուց:

Մեղադրյալ Մուղալյանը շարունակում է հացադուլը

Նշենք, որ մեղադրանքի համաձայն՝ այս տարվա «հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով տղաները հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տան հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հակերից մեկը, ինչի հետևանքով այրվել է նաև տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում»:

Ռոբերտ Փիլոյանի պաշտպաններն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում պատմել են, որ իրենց պաշտպանյալին խոշտանգել են: