Home / Տեսանյութեր / Ժիրայր Սեֆիլյանին հետևել են. հաջողվել է ֆիքսել հետապնդող մեքենայի համարանիշի մի մասը

Ժիրայր Սեֆիլյանին հետևել են. հաջողվել է ֆիքսել հետապնդող մեքենայի համարանիշի մի մասը

Երեկ` հոկտեմբերի 9-ի կեսգիշերին, հետևել ու հետապնդել են Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին, երբ վերջինս մեքենայով Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից տուն էր վերադառնում: Այս մասին ասված է Նախախորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հետապնդողները եղել են ԲՄՎ մակնիշի արծաթագույն ավտոմեքենայով: Հաջողվել է ֆիքսել հետապնդող ավտոմեքենայի պետհամարանիշի մի մասը` 24 MU:

Ինչպես նշում են հաղորդագրության հեղինակները, դեպքը տեղի է ունեցել Ժիրայր Սէֆիլյանի տան շրջակա տարածքում` Երևանի Զեյթուն թաղամասում:

Հետապնդումը տևել է շուրջ կես ժամ` 23:40-ից մինչև 00:10:

Նույն օրը` ժամը 16-ի սահմաններում Ծածկած շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել Ծածկած շուկայի սեփականատիրոջը ներկայացնող մի անձնավորություն` փորձելով նրան առանձնազրույցի հրավիրել, սակայն, մերժողական պատասխան ստանալով, հեռացել է: Այդ անձնավորությունը, որը ներկայացել է Ռուբո անունով, Սամվել Ալեքսանյանի հետ միասին նստած է եղել նույն ավտոմեքենայում և Ժիրայր Սէֆիլյանին է մոտեցել այդ ավտոմեքենայից դուրս գալով, ասված է հաղորդագրության մեջ:

Նախախորհրդարանի քարտուղարությունը նշում է. «Հանցավոր ու ապազգային վարչախմբի  հովանավորությունը վայելող քրեական տարրերի ժամանակն ու էժանագին հնարքների ռեսուրսը սպառվել է: Մեր ժողովուրդն այլևս տեր է կանգելու իր երկրին և իր կամքն է պարտադրելու ապազգային վարչախմբին ու նրա հանցագործ խամաճիկներին»:

 

Tekali Taxi