Ակտիվիստները խափանել են Երևանում անցկացվող խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ խորհրդաժողովի մեկնարկը:
Այսօր Երևանում՝ «Մարիոթ» հյուրանոցում ընթացող «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» միջազգային խորհրդաժողովի մեկնարկին, մի խումբ ակտիվիստներ ներխուժել են հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ և բողոքի ակցիա են անցկացրել: Խորհրդաժողովն անցնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Ակցիայի կազմակերպիչները 10:15-ից «Մարիոթ» հյուրանոցի դիմաց բարձրաձայնել են իրենց պահանջները՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող նման խորհրդաժողով կազմակերպել, քանի որ նրանք նույնպես ռասիստական են: Ակտիվիստները հիշեցրել են DIY բարի պայթեցումից հետո իշխանության ներկայացուցիչների արձագանքները, կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպությունների հասցեին հնչող սպառնալիքները, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքը:
Ակտիվիստների պաստառների վրա պատկերված են ՀՀԿ-ի զինանշանը, Սերժ Սարգսյանը, ՀՀ սպորտի և երիտասադրության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այն պահին, երբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Խորհրդաժողովը բացված է հայտարարել, ակտիվիստները պաստառներով ներխուժել են սրահ:
Հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, ոստիկանության և ԱԳ նախարարության աշխատողները փորձել են նրանց դուրս հանել, սակայն ակտիվիստները պաստառներով կանգնել են ամբիոնի առջև և մոտ կես ժամ մնացել են դահլիճում մինչ խորհրդաժողովը շարունակվում էր: