Home / Հայաստան / Վճռաբեկ դատարանի դատավորները նոր օրենքով անպատժելի են դառնում. օմբուդսմեն

Վճռաբեկ դատարանի դատավորները նոր օրենքով անպատժելի են դառնում. օմբուդսմեն

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովի պատգամավորներին զգուշացնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, ըստ էության, ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը:

Տարածած հայտարարության մեջ Անդրեասյանը նշում է, որ դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Եվ դա այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների  դատավորների նկատմամբ:

Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետևանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ:

Օմբուդսմենը նշում է, որ նախատեսվող փոփոխությունները համահունչ չեն Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հետ, որը նախատեսում է Վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ միայն նյութական իրավունքի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացառումը, մինչդեռ այս դեպքում բացառվում է նաև կարգապահական պատասխանատվությունը՝  դատավարական օրենքի խախտման հիմքով:

Նախագծով կարգավորվում է նաև դատարաններում գործերի բաշխման կարգը, սակայն Վճռաբեկ դատարանի համար այստեղ նույնպես նախատեսված է բացառություն: Բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում, երբ  դատական վիճակագրության համաձայն՝  Վճռաբեկ դատարաններ կայացված բողոքների մոտ 90 տոկոսը վարույթ չի ընդունվում:

Tekali Taxi