Գլխավոր / Հայաստան / «Զգուշացում զորիբալայաններին». Արցախյան ազատամարտի հրամանատարները՝ ազգային դավաճանության մասին

«Զգուշացում զորիբալայաններին». Արցախյան ազատամարտի հրամանատարները՝ ազգային դավաճանության մասին

Արցախի ազատագրված հողերը մեկ այլ պետությանը հանձնելը պետական և ազգային դավաճանություն է: Այս մասին ասված է արցախյան ազատամարտի դաշտային հրամանատարների հայտարարության մեջ, որը կոչվում է «Զգուշացում զորիբալայաններին»: Նշենք, որ Զորի Բալայանը նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին, որում հիշեցնում էր, թե Գյուլիստանի պայմանագրի համաձայն, Ղարաբաղը Իրանի կողմից «հավերժ ժամանակներով» տրվել է Ռուսաստանին:

«Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք.

Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որևէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն: Ուստի նման դավաճանական գաղափարների հեղինակներն ու տարածողները պատասխանատվություն են կրելու օրենքի և համազգային դատաստանի առջև», — նշում են հայտարարության հեղինակները: 

Հայտարարությունը ստորագրել են արցախյան ազատամարտի դաշտային հրամանատարներ.

Վլադիմիր Աղասարյան` Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Վահան Բադասյան` Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ներկայումս` Արցախի ԱԺ պատգամավոր

Հենրիխ Հակոբյան` Ստեփանակերտի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար

Արթուր Սարգսյան` Հադրութի պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ժիրայր Սէֆիլյան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ

Ռոմելս Ֆաթյան` Հադրութի պաշտպանական շրջանի 2-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ