Հայաստանի իրական թշնամին հայտնվել է ԱԺ-ի ճաղերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հակահարված» արտ-խումբն այսօր ժամը 17:00-ի սահմաններում Ազգային ժողովի ճաղերի վրա է փակցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաստառը, որի վրա գրված է «Ճանաչիր թշնամուդ»: Անցյալ տարի «Հակահարվածը» նման ակցիա էր կազմակերպել՝ ԱԺ-ի ճաղերին ամրացնելով Սերժ Սարգսյանի դիմանկարով և նույն գրությամբ պաստառը, իսկ այս անգամ Պուտինին որպես թշնամի ճանաչելու որոշումը երիտասարդ արվեստագետները պայմանավորում են նրանով, որ ՌԴ նախագահն ազդեցություն ունի Հայաստանում տեղի ունեցող բացասական իրադարձությունների վրա:
Փակցրած պաստառը մոտ 5 րոպե անց պոկել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները: Նրանք արտ-խմբի ներկայացուցիչներից պահանջել են սպասել: Երբ ակցիայի կազմակերպիչները հարցրել են, թե ինչ նպատակով, ոստիկանը հեռախոսով ինչ-որ մեկի հետ հաղոդակցվելուց հետո հայտարարել է, որ պետք է սպասել՝ մինչև իրեն չզանգեն ու չասեն: «Հակահարված»-ի ներկայացուցիչները պնդել են, որ նման քայլը հակասահմանադրական է, իսկ ոստիկաններն այդ ընթացքում խլել են նաև երիտասարդների հեծանիվը: Հարցին, թե ինչու հեծանիվը հետ չեն տալիս, ոստիկաններից մեկը պատասխանել է, թե հեծանիվի նկատմամբ խափանման միջոց է կիրառված:
15 րոպե սպասելուց հետո ոստիկանները հեռախոսով կարգադրություններ են ստացել ու հայտարարել, որ ակցիայի կազմակերպիչներն ազատ են: Երբ երիտասարդները հարցրել են՝ արդյոք ոստիկաններն իրենցից ներողություն չեն խնդրելու, իրավապահներից մեկը հայտարարել է. «Ներողություն ում որ պետք ա մենք ասել ենք»: