Գլխավոր / Հայաստան / Ձերբակալված ազատամարտիկի ընկերները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ ակցիա են նախաձեռնել

Ձերբակալված ազատամարտիկի ընկերները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ ակցիա են նախաձեռնել

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը, ազատամարտիկների հետ միասին, նոյեմբերի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց կազմակերպում է ակցիա, որի նպատակն է սատարել կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին և շեշտել նրա պայքարի արդարացիությունը:

«Իշխանությունները ապօրինի են կալանավորել Վոլոդյա Ավետիսյանին և իր ընկերները շարունակելու են արժանապատիվ ազատամարտիկների պայքարը՝ միաժամանակ պահանջելով իրեն ազատ արձակել», — ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

Ակցիայի մասնակիցները նոյեմբերի 1-ին, ժամը 11:30-ին Հանրապետության հրապարակից շարժվելու են դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ Ավետիսյանը ազատամարտիկների պայքարի ղեկավարներից էր, նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ: Այժմ նրան մեղադրանք է առաջադրվել՝ խարդախության հոդվածով: Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ վերոնշյալ մեղադրանքի առաջադրումը մեկ պատճառ ունի՝ համաներումը կիրառելի պիտի լիներ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում, և նրան կալանքի տակ պահելու որևէ հիմքեր այլևս չկային:

«Քննչական մարմինը, համոզվելով, որ մեկ մեղադրանքով փակի տակ պահել այլևս չի կարող, առաջադրեց երկրորդը», – ասել էր փաստաբանը:

Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ Ավետիսյանը նշել էր, որ իրեն հետապդնում են իր գործունեության համար, իսկ մեղադրանքը շինծու է: