Գլխավոր / Տեսանյութեր / Հանրային պաշտպանի գրասենյակին «կտրվի այնքան գումար, ինչքան անհրաժեշտ է»

Հանրային պաշտպանի գրասենյակին «կտրվի այնքան գումար, ինչքան անհրաժեշտ է»

2014 թվականի պետական բյուջեի նախագծով հանրային պաշտպանի գրասենյակին ուղղված ծախսերը կրճատվել են: 2013 թ. բյուջեով հատկացվել էր 260 մլն դրամ, իսկ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 178 մլն դրամ, մինչդեռ այն խմբերը, որոնք իրավունք ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու, շատացել են: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ լայնորեն քննարկվող և փաստաբանների քննադատությանը արժանացած նախագծի, որը ևս պետք է ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, նախատեսվում է բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը` ի հաշիվ այլ փաստաբանների: Խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնցով  նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, և այդ լիազորությունը վերապահվել է արդարադատության նախարարությանը և փաստաբաններից տարեկան գանձել 60000 դրամի չափով պետական տուրք` փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար: 

Epress.am-ի հարցին՝ արդյոք բյուջեով հանրային պաշտպանի ֆինանսավորման նվազեցումը պայմանավորված է գրասենյակի համար նոր աղբյուրի ստեղծմամբ՝ 60000 նոր տուրքի սահմանմամբ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ այս տարի ֆինանսավորումը չի կրճատվի, «կտրվի այնքան, ինչքան անհրաժեշտ է»:

Նախարարի խոսքով՝ ֆինանսավորումը դեռ հստակեցված չէ, ինչպես նաև առայժմ հայտնի չէ՝ կընդունվի՞ փաստաբանների մասին օրենքի նախագիծը, թե ոչ:

«Քննարկումները դեռ շարունակվում են, և գտնվելու է ձև՝ հանրային պաշտպանի գրասենյակին անհրաժեշտ ֆինանսավորում տալու»,- ասել է Հրայր Թովմասյանը: