Home / Տեսանյութեր / «Վախենում են». ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը տապալեցին կենսաթոշակներին նվիրված ԱԺ արտահերթ նիստը

«Վախենում են». ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը տապալեցին կենսաթոշակներին նվիրված ԱԺ արտահերթ նիստը

Իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, չեն մասնակցելու ԱԺ մյուս 4 խմբակցությունների կողմից այսօր 12:00-ին հրավիրված արտահերթ նիստին, որը վերաբերելու էր կենսաթոշակային պարտադիր վճարների խնդիրին:

Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Փաստորեն, քվորում չլինելու պատճառով նիստը չի գումարվելու:

Մարգարյանը պատճառաբանել է, որ ընդդիմադիր ուժերը սկզբում որոշել են նիստում քննարկել կենսաթոշակային պարտադիր վճարների ներդրման ժամկետների հետաձգման հարցը՝ մինչև 2015 թվականի սկիզբը, սակայն հետագայում բովանդակային քննարկման անհրաժեշտություն են տեսել, այն է՝ փոխել կենսաթոշակային համակարգի ձևը: Դա էլ անընդունելի է կոալիցիայի համար:

Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ օրենքը երեք ընթերցմամբ ընդունվել է և դրանում լուրջ փոփոխություններ չեն կարող մտցվել:

Epress.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ «մենք գիտեինք՝ գործ ունենք վախկոտ իշխանությունների հետ, որոնք վախենում են քննարկումներից»:

ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը նշել է, որ կանխատեսում էր, թե արտահերթ նիստը կարող է տապալվել, քանի որ «նրանք միշտ այդպես են անում կարևոր հարցերի դեպքում»:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կոալիցիան բոյկոտում է արտահերթ նիստը, քանի որ օրենքում կան աղաղակող փաստեր, որոնք վկայում են լրջագույն ռիսկերի մասին, իսկ այդ մտահոգությունները կառավարությունը չի փարատել: ԱԺ պատգամավորը հիշեցրել է, որ Հովիկ Աբրահամյանը 2008-ին ընտրվելուց հետո խոսւոմ էր ԱԺ-ի դերի բարձրացման մասին, սակայն այդ դերը չի բարձրանում ճոխություններով, այլ բովանդակությամբ:

Ըստ Փաշինյանի՝ ամեն ինչ արվում է, որ Ազգային ժողովում քննարկվեն հարցեր, որոնք օրակարգում չկան, փոխարենը՝ կարևոր հարցերն ԱԺ-ն քննարկումից դուրս է թողնում, ինչպես այս դեպքում:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստն անցկացնելու առաջարկով դիմել էին ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում մի շարք հասարակական նախաձեռնություններ և քաղաքական ուժեր հայտարարություններ են տարածել կենսաթոշակային պարտադիր վճարների վերաբերյալ՝ առաջարկելով օրենքում փոփոխություններ մտցնել:

Tekali Taxi