Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը, ով ի նշան բողոքի դատարանի, դատախազության, կադաստրի և նոտարի գործողությունների դեմ նոյեմբերի 11-ին նախագահական նստավայրի դիմաց կարել էր բերանը, այսօր նամակ է հանձնել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պահանջելով պատժել իր նկատմամբ բռնություն կիրառած Էջմիածնի ոստիկաններին:
Անդրեասյանին ուղղված նամակում Խուդոյանը պահանջել է պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր նոյեմբերի 12-ին Բաղրամյան փողոցում իրեն ուժով նստեցրել էին շտապ օգնության մեքենան՝ փողոցում թողնելով իր 8-ամյա դստերը: Հետագայում Խուդոյանին տարել են հոգեբուժարան, իսկ մի քանի ժամ անց բաց են թողել: Հաջորդ օրը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպելուց հետո, նա քանդել է բերանի կարերը և դադարեցրել հացադուլը:
«Ինձ առևանգեցին Բաղրամյան 26-ի դիմացից՝ երեխայիս ներկայությամբ: Նրանք խանգարեցին իմ խաղաղ ակցիան, բռնություն կիրառեցին և տարան հոգեբուժարան: Բժշկուհին, ով հետս զրուցում էր, պարզ ասաց, որ ես հոգեկան շեղումներ ունեցողի բոլորովին նման չեմ: Միևնույն ժամանակ ուղեգիր դուրս գրեց», – լրագրողների հետ զրույցում պատմել է Խուդոյանը:
ՄԻՊ-ի գրասենյակում Խուդոյանի հետ զրուցել է աշխատակից Ավետիս Ավետիսյանը և խոստացել է քննարկելուց հետո եռօրյա ժամկետում պատասխանել նամակին: