Դերասան Վարդան Պետրոսյանը, ում կալանավորել են նոյեմբերի 9-ին, այսօր տեղափոխվել է «Քանկոր» բժշկության կենտրոն, որտեղ այժմ հետազոտություն է անցնում: Այս մասին Epress.am-ին հայտնել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով՝ Պետրոսյանի տեղափոխությունը պայմանավորված է առողջական վիճակի վատթարացմամբ: Դերասանը նախկինում էլ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել, այժմ վիճակը սրվել է:
Նիկոլայ Բաղդասարյանը նաև նշել է, որ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որևէ նորություն առայժմ չկա:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի համար՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):