Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով երթի և բողոքի ակցիայի կազմակերպիչ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն այսօր հրաժարվել է հանդիպել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանին: Փոխարենը, նա և ազատամարտիկ Արևհատ Մարտիրոսյանը մտել են նամակների բաժին և բանավոր ընթերցել իրենց պահանջները, այն է՝ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ կամ վերջինիս հրաժարականը: Աիդա Ասատրյանը խնդրել է իր աշխատասենյակ բարձրանալ զրուցելու համար, սակայն ազատամարտիկները հրաժարվել են և կրկնել իրենց պահանջը, որից հետո միացել նախագահականի դիմացի մայթին կանգնած բողոքի ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26 մեկնարկած երթը մեծաթիվ ոստիկանների կաղմից կասեցվել է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ հսկողություն իրականացնող ոստիկանները փակել են նախագահական նստավայր տանող ճանապարհը և պահանջել անցնել դիմացի մայթ:
Սուսաննա Մարգարյանը հրաժարվել է կատարել փոխոստիկանապետի հրահանգը և պնդել, թե շարունակելու են առաջ գնալ հենց նախագահականի մայթով: Երթի մասնակիցները, սակայն, չեն կարողացել շրջանցել ոստիկանական պատը, և ստիպված են եղել անցել դիմացի մայթ:
Երթի մասնակիցները մոտ 2 ժամ են անցկացրել Բաղրամյան 26-ի դիմացի մայթին՝ պարբերաբար վանկարկելով՝ «Սերժիկ, դուրս արի», «Սերժիկ, վախկոտ, դու տղամարդ չես»:
Երթի ընթացքը և բողոքի ակցիայի մանրամասները՝ տեսանյութում