Home / Հայաստան / «Կոշ» ՔԿՀ-ում սրտի կաթվածից դատապարտյալ է մահացել

«Կոշ» ՔԿՀ-ում սրտի կաթվածից դատապարտյալ է մահացել

Երեկ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից դատապարտյալ է մահացել։ Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատել է մահվան փաստը, սակայն, փորձաքննության գաղտնիությունից ելնելով, դատապարտյալի անունը և տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ չի հայտնել։

«Հելսինկյան ասոցիացիա»-ի իրավապաշտպան Գայանե Խաչատրյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ, իրենց տեղեկություններով, մահացածի անունը Գառնիկ Կարապետյան է։ Այլ մանրամասներ իրավապաշտպանը ևս չի հայտնել։

Նրա խոսքով՝ ՔԿՀ-ներում մահացությունների բազմաթիվ դեպքեր գրանցվում են հիմնարկի անձնակազմի անփութության հետևանքով։

Խաչատրյանը հիշեցրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Տավրոս Ոսկանյանի դեպքը, ով, ԱՆ ՔԿՎ էր դիմել՝ խնդրելով միջամտել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու հարցում, քանի  որ ստամոքսում առկա են օտար մարմիններ, ինչի պատճառով սուր ցավեր է ունենում, չի կարողանում նորմալ սնվել և չի կարողանում պատշաճ պատրաստվել քրեական գործի դատաքննությանը:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի՝ կալանավորին վիրահատելու նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու միջնորդությանն ի պատասխան՝ ՔԿՀ-ից հայտնել էին․ «Հաշվի առնելով բնական ճանապարհով օտար մարմինների օրգանիզմից դուրս գալու հավանականությունը կալանավոր՝ Տավրոս Ոսկանյանի նկատմամբ սահմանված է ամենօրյա դինամիկ հսկողություն: Բնական ճանապարհով օտար մարմինների չհեռանալու կամ սուր վիրաբուժական պաթոլոգիայի դեպքում կկատարվի վիրահատական միջամտություն»։

Գայանե Խաչատրյանի խոսքով՝ ինքը չի պատկերացնում՝ ինչպես է ՔԿՀ-ն ամեն օր դինամիկ հսկողության տակ պահում Ոսկանյանի մարմնից բնական ճանապարհով  օտար մարմինների հեռանալը, սակայն վստահ է, որ կալանավորին բուժելու փոխարեն սպասում են սուր վիրաբուժական պաթոլոգիային՝ «ինչպես երևում է բժիշկների հավանականության տեսությունը երկու տարուց ավել չի իրագործվում: Ահա ինչու են մահանում ՔԿՀ-ներում»:

Tekali Taxi