Home / Հայաստան / Ուկրաինայի ընդդիմությունը իշխանության դեմ գործողությունների ծրագիր է մշակել

Ուկրաինայի ընդդիմությունը իշխանության դեմ գործողությունների ծրագիր է մշակել

Ուկրաինայի ընդդիմությունը ձևավորել է «Մայդանի մասնակիցների գործողությունների ծրագիր»-ը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակել են «Բատկիվշչինա» և «ՈՒԴԱՌ» (Բարեփոխումների ուկրաինական ժողովրդավարական դաշինք) կուսակցությունները։

Հիմնական խնդիրներն ու նպատակներն են՝ քաղբանտարկյալների ազատումը, Ուկրաինայի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի, «Բերկուտ» հատուկ նշանակության ծառայության զինյալների, ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած անձանց նկատմամբ քրգործերի հարուցումը, Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը։

Մտադրություն կա Ուկրաինայի իշխանության գործողությունների դեմ բողոքներով դիմել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների խորհուրդ, Եվրոպայի խորհուրդ։ Ընդդիմության կարծիքով՝ իշխանության գործողությունները հակասում են Ուկրաինայի միջազգային պարտավորություններին։ Նաև նախատեսվում է հրավիրել «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության ու միջազգային իրապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը վերահսկելու նպատակով։

Ընդդիմությունը նաև մտադիր է ժողովրդավար երկրների պատգամավորների, քաղաքական գործիչների, Եվրախորհրդարանի ու եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի խորհրդարանների պատգամավորների, ինչպես նաև՝ Ռուսաստանի ու Բելառուսի ընդդիմադիր գործիչների՝ Կիևի Անկախության հրապարակում անցկացվող մայդանին ներկա գտնվելու շարունակական գործընթաց կազմակերպել։

Մտադրություն կա նաև բոյկոտել պատգամավորներին ու «Ռեգիոնների կուսակցության» ակտիվիստներին պատկանող ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները։ Ընդդիմադիրները նաև կդիմեն պետծառայողներին, ովքեր համաձայն չեն ներկա իշխանությունների քաղաքականության հետ՝ կոչ անելով ինքնակամ հրաժարական տալ։ Բացի դա, բողոքի ցույցեր կկազմակերպվեն գործող ռեժիմը սատարող երկրների ղեկավարների՝ Ուկրաինա կատարվելիք այցերի ժամանակ։  

Tekali Taxi