Home / Հայաստան / Դե Վաալ․ «Հավատում եմ, որ Հայաստանում շատերն են հույս պահում, որ ՄՄ-ի նախագիծը կոլապս կապրի»

Դե Վաալ․ «Հավատում եմ, որ Հայաստանում շատերն են հույս պահում, որ ՄՄ-ի նախագիծը կոլապս կապրի»

Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովից ստացավ ավելի քիչ բան, քան սպասվում էր դրանից մի քանի ամիս առաջ: Կարևոր էր այն, որ համաձայնագիր ստորագրվեց Եվրամիության հետ վիզայի ազատականացման մասին, որը կարող է դրական ազդեցություն ունենալ հազարավոր հայերի համար: Բայց չեղավ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում կամ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին քննարկում: Այս մասին Hetq.am-ին ասել է «Կարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի գծով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը։

«Ես վստահ չեմ, թե մինչ այդ Հայաստանի իշխանության ներսում բոլորն էին հասկացել, որ այդ երկուսը սերտորեն կապված են իրար: Որոշ հույսեր կային, թե Ասոցացման համաձայնագրի քաղաքական մի քանի հատվածներ կհանվեն, սակայն ապացուցվեց, որ դա անհնարին է», – ասել է դե փորձագետը:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցին՝ դե Վաալը կարծիք է հայտնել, որ այն ակնհայտորեն նախատեսված էր այն բանի համար, որպեսզի ամրապնդվի Սերժ Սարգսյանի կողմից՝ Մաքսային միությանը միանալու սեպտեմբերյան որոշումը և ցուցադրվի ռուսական ուժն ու ազդեցությունը Կովկասում:

«Ահա թե ինչու խորհրդանշական էր, որ Պուտինն առաջինը գնաց Գյումրի և այցելեց ռուսական ռազմաբազա ու հետո միայն ժամանեց Երևան:

Հայկական կողմի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնահերթ բխում են անվտանգությունից: Կառավարությունը ձգտում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, և Հայաստանն այժմ ավելի մեծ ապրանքաշրջանառություն ունի ԵՄ-ի հետ, քան Ռուսաստանի: Հասկանալի էր, որ ԵՄ-ի հետ 3 տարի ինտենսիվ բանակցությունները դադարեցնելու ու ՄՄ մտնելու որոշումը կայացվեց ճնշման տակ և այն պատճառով, որ Հայաստանը կարող էր կորցնել անվտանգության իր նախապատվելի դիրքը Մոսկվայի հետ հարաբերություններում, և Ռուսաստանն Ադրբեջանին ավելի շատ զենք կարող էր վաճառել:

Այդուհանդերձ, ես հավատում եմ, որ ՄՄ մտնելու որոշման առումով ավելի շատ սիմվոլիզմ կա, քան բովանդակություն (սուբստանցիա): Հայաստանը շատ փոքր տնտեսություն է և չունի ընդհանուր սահման Ռուսաստանի հետ: Պուտինի համար ավելի կարևոր էր Հայաստանին հետ պահել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց և ուղերձ հղել Ուկրաինային, քան թե իրական տնտեսական գործարքի մեջ մտնել Հայաստանի հետ: Հավատում եմ, որ Հայաստանում շատերն են հույս պահում, որ ՄՄ-ի նախագիծը կոլապս կապրի, և իրենք վերջապես հանգիստ հետ կգնան դեպի ԵՄ տանող ճանապարհ», – ասել է Թոմաս դե Վաալը։