Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունն ու Անվտանգության ծառայությունը բավարարել են «Տարածաշրջանների կուսակցության» (Партия регионов) պատգամավոր Օլեգ Ցարևի դիմումը, որի համաձայն՝ 36 անձի մուտքն Ուկրաինա արգելվել է։ Նրանց թվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ԱՄՆ ու Եվրոպայի քաղաքացիներ, ովքեր մասնակցել են Եվրամայդանին, հայտնում է «Կոմերսանտ-Ուկրաինա»-ն։
Պատգամավորը Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ու արգործնախարար Լեոնիդ Կոժարային համապատասխան դիմումն ուղղել էր դեկտեմբերի 8-ին։
«Օտարերկրյա քաղտեխնոլոգների ու մասնագետների հաճախակի այցերն Ուկրաինա մտավախություններ են առաջացնում․ նրանց գործունեությունը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար»,- նշված է Ցարևի դիմումում։ Փաստաթղթին կից ներկայացվել է այն անձանց ցուցակը, «ովքեր ընդդիմության խորհրդատվական աշխատանքի շրջանակներում» հնարավորություն ունեն «իրագործել այլ երկրների քաղաքական շահերը»։
Տվյալ ցուցակում նշված են, մասնավորապես, Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնի գիտաշխատող Տարաս Կուզյոն, հայտնի գերմանացի քաղաքագետ Անդրեաս Ումլանդը, ինչպես նաև ամերիկացիներ Ֆինք Բրայնը, Վասիլիկ Միրոնը, Ալեքսանդր Ռոսը։ Ընդ որում, ըստ Ցարևի, Ռոսը «սոցցանցերի միջոցով հեղափոխություններ կազմակերպող լավագույն մասնագետն է»։
«Բատկիվչշինա» խմբակցության փոխնախագահ Սերգեյ Սոբոլևի խոսքով՝ նման քայլերը կարող են միջազգային լուրջ հետևանքներ ունենալ։
«Եթե ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Վրաստանը Յանուկովիչին, Ազարովին ու նրանց երեխաներին արգելեն մտնել իրենց երկրներ, ապա Յանուկովիչը միայն կկարողանա մեկնել, ասենք, Հյուսիսային Կորեա»,- ընդգծել է նա։