«Եզրագծից այն կողմ» և մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասան Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից ստացած վնասվածքի հետևանքով հայտնվել է անվասայլակին, հայտնում է News.am-ը:
Դերասանը կայքին հայտնել է, որ ընդհանուր առմամբ իրեն նորմալ է զգում, սակայն ոտքերը չեն աշխատում: «Իմ դեմքին են խփել, բայց այնտեղ մի 10-15 րոպե ուշագնաց եմ մնացել էս ցրտին, դրա համար ոտքերիս մկանները չեն աշխատում հիմա: Չեմ կարողանում քայլել, սայլակի վրա եմ»,- ասել է նա՝ հավելելով, որ ռենտգեն հետազոտությունը որևէ բան ցույց չի տալիս, ըստ երևույթին՝ ցրտահարության պատճառով չեն աշխատում ոտքերը:
Մկրտչյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան շքամուտքում, երբ թատրոնից տուն էր վերադառնում․ «Ինձ ոչ թալանել են, ոչ էլ որևէ բան են ասել: Ինձ մի հատ են խփել, ես այդ հարվածից գլուխս ուղղել եմ պատին ու անջատվել եմ, իրենք թողել, գնացել են, երբ որ ուշքի եմ եկել, զանգել եմ, տնից իջել են»: