Գործարար Լյովա Սաֆարյանը, ում ազգությամբ եզդի 21 անասնապահներ մեղադրում էին իրենց խաբելու մեջ, պնդում է, որ եզդիների ընտանիքների հետ «հարցերը լուծել է», և նրանք այլ պարտք ու պահանջ չունեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին անասնապահները մամուլում բարձրաձայնել էին իրենց խնդիրը՝ ասելով, որ գործարարը, ներկայանալով որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընկեր և այդպիսով շահելով իրենց վստահությունը, պարտքով կաթ է վերցրել ու հետագայում չի վերադարձրել գումարը:
Այսօր Սաֆարյանը, սակայն, Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը այդ գործարքի հետ կապ չուներ:
«Իմ ընկերն է այդ կաթը գնել, իսկ այդ ընկերս հիմա Հայաստանում չէ: Ուղղակի սկսեցին ուրիշ մարդկանց անունները շոշափել, օրինակ, Ազգային ժողովի նախագահի, ես էդ հարցը լուծեցի, էդ մարդկանց փողերը տվեցի, որ էլ չխոսեն»,- ասել է Սաֆարյանը:
Պարտատերերից մեկը՝ Ռուստամ Իբոյանը, Epress.am-ի հետ զրույցում հաստատել է, որ Սաֆարյանի հետ «եկել են համաձայնության»: Նրա խոսքով՝ Սաֆարյանը վճարել է պարտքի կեսը, մյուս կեսը՝ խոստացել է տալ ամսվա վերջին:
Ավելի վաղ Ռուստամ Իբոյանն ասել էր, որ կաթը իրենցից գնել է անձամբ Սաֆարյանը։ Եզդի անասնապահի խոսքով՝ իրենց հեռախոսազանգերին Սաֆարյանը պատասխանում էր հայհոյանքներով, ամեն կերպ փորձում է հերքել, որ տվել է Հովիկ Աբրահամյանի անունը: ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքել էր, թե Սաֆարյանը որևէ կապ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: