Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը զեկույց է հրապարակել Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում նորածինների սեռերի հարաբերակցության վիճակագրության մասին՝ ընդգծելով Հարավային Կովկասում նորածինների սեռերի հարաբերակցության մտահոգիչ մակարդակը։
«Ալբանիայում, Հայաստանում ու Ադրբեջանում այս հարաբերակցությունը կազմել է 112/100, Վրաստանում՝ 111/100»,- գրում է եվրահանձնակատարը։
Իսկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2013 թվականի զեկույցի տվյալների համաձայն՝ վիճակագրությունն էլ ավելի է վատթարացել․ նշված ժամանակահատվածում Հայաստանում հարաբերակցությունը կազմել է 114-115/100, Ադրբեջանում՝116/100։
Եվրահանձնակատարը նշել է, որ նորածինների սեռերի բնական համամասնությունը պետք է լինի 102 – 106 տղա և 100 աղջիկ:
UNFPA-ի 2013 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ հարավկովկասյան երկրները տղաների օգտին նորածինների սեռերի հարաբերակցության մակարդակով զիջում են միայն Չինաստանին, որտեղ համամասնությունը կազմում է 118/100։
Այս կապակցությամբ մարդու իրավունքների հանձնակատարը ճիշտ է համարում արգելել սելեկտիվ աբորտները Եվրոպայի խորհրդի երկրներում ու նման հանցագործությունների դեմ քրեական հետապնդում իրականացնել․ «Այս չափազանց խտրական պրակտիկան գալիս է հասարակությունում կանանց անապահով վիճակից։ Սրա դեմ պետք է ակտիվ պայքարել ու արգելել օրենքով»։