Գործադիրի հերթական նիստի օրը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող բանակում զոհված զինծառայողների չորս մայրեր այսօր դիմել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու պահանջել հրապարակի կենտրոնում պատժել օրեր առաջ սուր թոքաբորբով և մարմնական վնասվածքներով Մուրացանի զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի նկատմամբ բռնություն գործադրածներին։
Բողոքող մայրերն ընդգծել են, որ նիստից հետո գրեթե բոլոր նախարարները դուրս են գալիս շենքի հետնամուտքից, ու իրենց որևէ կերպ չի հաջողվում հանդիպել Պաշտպանության նախարարին, ուստի որոշել են իրենց ձայնը տեղ հասցնել ԶԼՄ-ների միջոցով։
2010-ին բանակում մահացած Վալերի Մուրադյանի մայրը ՝ Նանա Մուրադյանը, նշել է, որ նախարարը բացահայտ ստում է ու չի կատարում իր տված խոստումները։
«Ասում էր, որ զորամասերում ամեն ինչ խստացվել է, ինքը ցուցումներ է տվել, որպեսզի հսկողությունը ուժեղացնեն, որ ոչ մի զոհ չի լինելու բանակում, և պատժվելու է յուրաքանչյուր մեղավոր, ինչպես նաև ոչ մի հիվանդ զինվոր չպետք է զորակոչվի բանակ և այլն։ Ո՞ւր են խոստումները, իրա ասած ոչ մի խոսքը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է որդեկորույս մայրը։
Նա շեշտել է, որ Օհանյանը պարտավոր է ազգին ապացուցել, որ ինքը տեր է խոստմանը, հակառակ դեպքում կապացուցի, որ Պաշտպանության նախարար գոյություն չունի՝ «ուղղակի ինքը փուչիկ է օդում»։
«Տարին սկսվել է, արդեն քանի՞ զոհ կա բանակում, երբ են վերջապես սրանց դեմն առնելու։ Նախարարն ասում էր՝ «ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ կանխվեն դեպքերը բանակում։ Եթե նախարարը չի կարողանում պատժի, ասում ենք ձևը՝ թող բերի, մեղավորներին շպրտի հրապարակ, մենք մայրերով շան պես կսատկացնենք դրանց։ Եթե մի անգամ հրապարակային պատժեն դրան, մյուսը կվախենա ու նման բան էլ չի լինի», – ասել է Մուրադյանը։
2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանն էլ հավելել է, որ յուրաքանչյուր մեղավորի պետք է պատժեն այնպես, ինչպես նա վարվել է զինվորի հետ․ «Եթե ձեռքով է խփել, թող ձեռքը կտրեն, եթե ոտքով է հարվածել, թող ոտքը կտրեն, թող պատիժ սահմանեն, ոչ թե օդում խոստումներ տան»։