Հայաստանի՝ հարևանների հետ հարաբերություններում ավելանում են խնդիրներն ու փոխադարձ անվստահությունը: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ՀՀ Արտաքին քաղաքականության 2013 թվականի ամփոփման մեջ։
«Վրաստանի հետ խախտվել է 20 տարի գոյություն ունեցող` պետությունների ղեկավարների փոխայցելությունների ավանդույթը: Երբեմն տարվա մեջ մեր երկու երկրների նախագահները հասցնում էին հանիպել և՛ Հայաստանում, և՛ Թբիլիսիում: Այս տարի փոխայցելություններ տեղի չեն ունենցել: Աշնանը պաշտոններ ստանձնած Վրաստանի նախագահն ու վարչապետը դեռևս չեն հայտնել իրենց ցանկությունը Հայաստան այցելելու վերաբերյալ, ինչը ցավալի փաստ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Վրաստանը արտաքին աշխարհին Հայաստանը կապող միակ հուսալի պետությունն է: Վրաստանի հետ հարաբերություններում նախկին ջերմությունը չկա, վրաց գործարարները ներդրումներ չեն անում Հայաստանում՝ ի տարբերություն իրենց հայաստանյան գործընկերների», – ասված է ամփոփման մեջ։
Հանձնաժողովը նշում է նաև, որ նախորդ տարի չի հաջողվել նաև առաջընթաց ապահովել աբխազական երկաթգծի վերաբացման հարցում՝ այս ուղղությումբ բանակցություններ առհասարակ չեն վարվում: Ըստ զեկույցի հեղինակների՝ Վրաստանը, առհասարակ, որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում, իսկ հաշվի առնելով այն, որ 2014թ. Վրաստանը ստորագրելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը պատրաստվում է դառնալ Մաքսային միության (ՄՄ) անդամ, երկկողմ տնտեսական հարաբերություններում անորոշության լրացուցիչ դրսևորումներ են առաջ գալու:
Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ապա, ըստ ՀԱԿ-ի հանձաժողովի, Հայաստանը միանշանակորեն շահում է Իրանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխությունից, այն դրական միտումներից, որոնք առկա են Արևմուտք-Իրան փոխհարաբերություններում:
«Սակայն ի՞նչ է ձեռք բերել Հայաստանն այս ամենից, ի՞նչ օգուտներ ենք մենք արդեն քաղել կամ պատրաստվում ենք հետագայում ստանալ: Բացի լրացուցիչ լարվածությունից, որ առաջացավ Իրանի դեսպանի` գազի վերաբերյալ հայտարարությունից հետո, այլ զարգացում երկկողմ հարաբերություններում չի նկատվում: Ավելին, այս չհասկացվածությունը պատճառ է դառնում ոչ թափանցիկ և ոչ վստահելի հարաբերությունների` գործընկերները իրար հրապարակային չեն կշտամբում: Նման հարաբերությունների պատճառով անցած տարվա ցուցանիշներով մենք ունենք առևտրաշրջանառության գրեթե 10 տոկոսի անկում», – ասված է զեկույցում:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում, ըստ ամփոփման հեղինակների, բացասական միտումները գերիշխում են, նկատվում է փոխվստահության առանց այդ էլ ցածր մակարդակի է՛լ ավելի նվազեցում:
«2006–2007 թթ. օրինակով Թուրքիայի դիվանագիտությունը` միջազգային հանրության շրջանում պատրանք ստեղծելու համար, փորձ է անում ոչ մի հեռանկար չունեցող, ձևական շփումներ հաստատել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ներկայացուցիչները խուսափում են դրանցից, որպեսզի Թուրքիայի ստի և աղավաղման ջրաղացին ջուր չլցնեն, որը հնարավորություն է ընձեռում Անկարային խուսափել սահմանը փակ պահելու պատասխանատվությունից: Բազմիցս է ասվել, որ Թուրքիան Հայաստանի հետ ցանկացած շփումը օգտագործում է նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տապալելու համար, ինչում իրեն մեծապես օգնեցին ՀՀ ներկայիս իշխանությունները (արդեն երրորդ անընդմեջ տարին է, որ որևէ պետություն չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ավելին, որևէ երկրում չի սկսվել, նախաձեռնվել ճանաչման գործընթաց): Այս առումով անհասկանալի էր ՀՀ ԱԳ նախարարի որոշումը` հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երևանում այն պայմաններում, երբ Թուրքիան չի մտցրել որևէ փոփոխություն Հայաստանի նկատմամբ իրականացվող, փաստորեն, թշնամական քաղաքականության (շրջափակումը համարվում է թշնամական գործողություն) մեջ: Վստահաբար, Թուրքիայի դիվանագիտությունը օգտվելու է այդ` ոչ մի դրական հետևանք չունեցող հանդիպումից` նոր թափ հաղորդելով Հայաստանի շրջափակմանն ու 2009թ. սկիզբ առած նախապայմաններով հանդես գալու գործելաոճին: Այս քաղաքականության հաջողությանը մեծապես նպաստում են ՀՀ ԱԳՆ-ն՝ իր անհասկանալի գործողություններով, հայաստանյան անգլախոս և ռուսախոս այն քաղաքագետներն ու իշխանամետ հասարակական կազմակերպությունները, որոնք փառաբանում էին հայ-թուրքական արձանագրությունները: Հարկ է նկատել, որ արձանագրությունների նախաստորագրումից հետո նոր թափ է ստացել ներմուծումը Թուրքիայից, այսինքն՝ Սերժ Սարգսյանի և Էդուարդ Նալբանդյանի նախաձեռնությունից շահել է միայն Թուրքիայի տնտեսությունը: 2013 hունվար-նոյեմբեր առևտրաշրջանառության ցուցանիշների համաձայն՝ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանումը կազմում է 1,5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար: Թվերը տպավորիչ են», – եզրափակում են ամփոփման հեղինակները։