Home / Տեսանյութեր / Սանհանգույցի կեղտերը լցվել են փլուզվող շենքի բնակարաններ․ բնակիչները գնալու տեղ չունեն (ՖՈՏՈ)

Սանհանգույցի կեղտերը լցվել են փլուզվող շենքի բնակարաններ․ բնակիչները գնալու տեղ չունեն (ՖՈՏՈ)

Արդեն երկու օր` Սիսակյան 3 հասցեում գտնվող վթարային շենքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ իրար խառնված խմելու և կոյուղաջրերի հալոցքի հետևանքով փլուզվել են 3-րդ հարկի արտաքին պատերը, առաստաղներից ու պատերից պոկվել են բետոնի կտորներ: Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է շենքի բնակչուհի Ամալյա Սարդարյանը։

Նրա խոսքով՝ 4-րդ կարգի վթարային շինության1-3 հարկերի սանհանգույցներում վթարված և սառցակալած կոյուղագծերն ու ջրագծերը արևի հայտնվելուն պես սկսել են հալվել, և այժմ հոսում են պատերի միջով ու լցվում բնակարանները։

1sisakyan

«Ամբողջ շենքը կատաստրոֆայի մեջ է՝ սանհանգույցների կեղտը պանելների միջով գնում ա դեպի միջանցքներն ու տները։ Քանի որ սանհանգույցները սառցակալած են՝ ելք ա ման գալիս ու պատերի միջից ծակում, լցվում մարդկանց տները։ Ցրտերին էդ ամբողջ կեղտաջուրը լցվում էր պատերի մեջ՝ թե դրսի, թե ներսի պատերը սառցակալած էին, իսկ հիմա հսկա սառցի լուլաները հալվում են ու քարախառը թափվում», – պատմել է Սարդարյանը։

Վերջինս նշել է, որ երեկվանից, երբ վիճակը սրվել է, շենքի բնակիչները խուճապի մեջ են ու օգնության խնդրանքով զանգահարել են ԱԻՆ, իսկ ավելի ուշ մասնագետները տեղում արձանագրություններ են կազմել ու բնակիչներին խորհուրդ տվել «շենքից շուտափույթ դուրս գալ, վտանգը մեծ է»։

«Վթարային հատվածների բոլոր տները մտան ու ասացին, որ արձանագրությունները տանելու են Քաղաքաշինության նախարարություն։ Թաղապետարանից էին եկել, ասում էին՝ «ինչ անենք», հիմա էլ զանգում ենք քաղաքապետարան, ասում են, որ էսօր ոչ աշխատանքային օր ա ու ոչինչ անել չեն կարող», – ասել է մեր զրուցակիցը և հավելել, որ զրույցի պահին փլուզվել է նույն շենքում բնակվող եղբոր տան առաստաղը։

2sisakyan

«Ամբողջ շենքով մոլորվել ենք, մարդիկ չգիտեն՝ ուր գնան, ում դիմեն։ Հիմա եղբորս 1 ամսական երեխին ի՞նչ անենք, ո՞նց պահենք՝ ջուրը տրաքել-չռում ա։ Հենց հիմա զանգելու եմ ԱԻՆ ու ասեմ, որ նորածին երեխու տան պատալոկը քանդվելա»,- բողոքել է Սարդարյանը։

Նշենք, որ 126 բնակարան ունեցող շենքը 2003-ից համարվում է 4-րդ կարգի վթարային, և միայն վերջերս քաղաքապետարանը 104 ընտանիքներից 25-ին բնակարաններ է հատկացրել, իսկ մնացածին խորհուրդ են տվել սպասել մինչև 2015 թվականի մայիսը։