Երևանի բնակիչ 22-ամյա Աբրահամ Հովհաննիսյանը, ով բանակում դաժան ծեծի է ենթարկվել, այժմ գտնվում է հոգեբուժարանում, գրում է Panorama.am-ը։
Աբրահամ Հովհաննիսյանը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Նրա հետ կատարվածից հետո հայրը մահացել է: Միակ հարազատը 20-ամյա եղբայրն է` Գրիգոր Հովհաննիսյանը, որը, ինչպես ինքն է ասում, ստիպված է առանց աշխատանքի միայնակ պահել եղբորը:
Գրիգոր Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմել է, որ Աբրահամը ծառայել է Արարատի զորամասում և ծառայության ընթացքում հրամանատարների (նշում է Կարո Հովհաննիսյան անունը) կողմից դաժան ծեծի է ենթարկվել:
«Ծառայության ժամանակ աֆիցերին խնդրել ա, թե սապոգս սեղմում ա, եթե հնարավոր ա՝ մեծ համարի սապոգ տվեք: Ասել ա՝ տղա ջան կգնաս, կկանգնես ԿՊՊ-ի դռների մոտ, մինչև կգանք էդ հարցը կլուծենք: Պատմելա, թե իմ համար կանգնած էի, էկավ էդ աֆիցերը, հարցրել ա` որ ոտն ա սղմում, ցույց ա տվել ցավացնող ոտը, սա էլ քացով ուժեղ տվելա ոտին: Դրանից հետո ասում ա մեջը վախ ա առաջացել ու ճնշվածություն ու ասում էր, որ չի կարողացել ծառայել. Իրանց ասածները չի կարողացել անել, դրա համար ծեծում էին, ասում ա մի անգամ քցել էին գետնին, տարբեր կողմերից գլխին են խփել», – պատմել է զինծառայողի եղբայրը:
Նրա խոսքով` եղբորը որոշ ժամանակ հետո տեղափոխել են Կանազի զինվորական հոսպիտալ՝ առանց հարազատներին տեղյակ պահելու:
«Մենք իմացել ենք, որ ինքը Կանազում ա, վեցերորդ օրը: Գնացի, տենամ ինչ` աչքերը արյուն լցված, հազիվ էր քայլում, ոչ էլ նորմալ կարում էր խոսար», – շարունակել է եղբայրը։
Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Ռազմական բժշկական հանձնաժողովի որոշումը, որտեղ նշվում էր Աբրահամի ախտորոշումը. «Սուր պարանոիդ փսիխոզ, դեպրեսիվ պարանոիդ համախտանիշ»: Այնուհետև նշվում էր, որ ՊՆ 2006 թվականի մարտի 30-ի որոշման 5-րդ հոդվածի համաձայն, Աբրահամ Հովհաննիսյանը պիտանի չէ ծառայության: Ինչ վերաբերում է հիվանդության պատճառներին, ապա` «այն ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում»:
Եղբայրը պատմել է, որ Աբրահամը ամեն ամիս 24 օր մնում է հոգեբուժարանում, բուժումներ ստանում, հետո տեղափոխվում տուն ու երկու-երեք օր դեղերի ազդեցության տակ իրեն հանգիստ պահում:
«Բայց երբ դոզան անցնում ա, սկսում ա հիշել բանակը, հրամանատարներին, իրան ծեծողներին, էս ցրտին իջնում ա բակ ոտաբոբիկ, իրան-իրան խոսում ա, կորում ու նորից գալիս: Էս քանի օր առաջ հելել, ոտով գնացել էր Սիսիան, գնացել եմ, հետ եմ բերել», – պատմել է Գրիգորը:
2010-ին փորձեր արել են փնտրել Աբրահամի մատնանշած հրամանատարների անուններով անձանց, Արարատի զորամասում գտնել նրանց, սակայն իրենց ասել են, որ տեղափոխվել են այլ զորամասեր ծառայության: Այնուհետև Գրիգորը նամակ է գրել Պաշտպանության նախարարին, եղբոր համար նշանակել են ամսական 30 հազար դրամ հաշմանդամության թոշակ, որը նրա խոսքով, չի բավարարում ծախսերը հոգալու համար:
«Արդեն երեք տարի ա՝ մեր մոտ խելագարված վիճակ ա, ինչ անում ենք, չի բուժվում, չի կազդուրվում: Ավանի հոգեբուժարանում մի 40-50 անգամ պառկել ա ու ոչ մի օգուտ: Բժիշկն ասում էր՝ էդ դեղերը որ տալիս են իրան հանգստացնելու ու քնցնելու համար ա: 24 օրը լրանում ա, զանգում են, ասում են եկեք տարեք: Բերում եմ մի քանի օր հետո նորից նույն վիճակն ա: Չգիտեմ` ինչ անեմ»,- ասել է եղբայրը:
Նա խնդրում է պատկան մարմիններից օգնել իր եղբորը, ֆինանսավորել, որ լավ մասնագետները բուժեն նրան. «Ուրիշ բան չեմ ուզում: Ինձ ասում են տար դատարան, թող գրեն վեչնի կոյկա, բայց ես ոնց թողեմ ախպերս մնա հոգեբուժարանում, իմ միակ հարազատն ա, ոնց անեմ: Մենք իրանց ուրախ, զվարթ զինվոր ենք տվել, մեզ գիժ են հետ տվել: Ի՞նչ անեմ հիմա»:
Մանրամասները՝ Panorama.am-ում