ԼՂՀ դատախազության հունվարի 5-ին հայտարարությունը՝ կապված ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի մահափորձի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ԼՂՀ քաղաքացիներին ուղղված իր հայտարարության մեջ հայտարարել է ինքը՝ Բալասանյանը։
Նշենք, որ ԼՂՀ դատախազությունը հայտարարել էր, որ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Արա Ավետյանը և Սերգեյ Հարությունյանը «շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ են Բալասանյանի հետ՝ վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր՝ Սամվել Ավետյանին ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով»։
«Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։ Կասկածյալները ձերբակալվել են հունվարի 1-ին, ժամը 13։00-ի սահմաններում, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն, ըստ իս, պատրաստ է եղել հունվարի 4-ին և հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին։ Այս դեպքից հետո ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում և ես չգիտեմ, թե՞ ում կողմից են դրանք հրամցվում։
Սիրելի՛ ժողովուրդ,
Հենց սրանք են պատճառները, որ դիմում եմ քեզ և ապավինում քո դատին։ Դատի՛ր ինքդ ու ինքդ իմ դատաստանն արա (պատրաստ եմ թե օրենքի, թե ժողովրդի առջև պատասխանատվություն կրելու), այնպես ինչպես ինձ վստահել ես ու հերոսացրել։ Դու ունես ինձ դատելու իրավունք և եթե ըստ քեզ քո հերոսը կատարել է այս ստոր ու նենգ քայլը և ունի այդ վարքագիծը, ուրեմն ինձ մտցրեք տականքների ցուցակը և ուղարկեք ինձ պատմության աղբարկղ, ընդհուպ դժոխք, ուրեմն ես դրան էի արժանի։ Ժողովուրդը երբեք չի սխալվում», – հայտարարել է Վիտալի Բալասանյանը։