Կենսաթոշակային համակարգի ռեֆորմը Հայաստանում քննարկվել է 10-ից ավելի տարիների ընթացքում, և այն բոլոր տեսակետները, թե ռեֆորմը հապշտապ է արվել, որևէ հիմք չունեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով կուտակային կենսաթոշակի համակարգի մասին՝ այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Այս բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասն քննարկվել են և որոշումները, որոնք կայացվել են, բխում են ժողովրդի շահերից։ Սրա մեջ տեսնում եմ մեր ժողովրդի և երկրի համար կարևորագույն որոշումներ, որոնք իրենց արդյունքները ցույց են տալու տարիների ընթացքում», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ցանկացած նոր համակարգի ներդրում խնդիրներ ու հարցեր է առաջանցնում, որոնք անպայման լուծումներ են ունենալու։
«Oրենքները, որոնք ընդունվում են՝ պիտի կատարվեն, բնականաբար, քաղաքացիները, քաղաքական ուժերն իրավունք ունեն ցանկացած հարցով դատարան դիմել, այդ թվում ՝ Սահմանադրական, վերջինս էլ իր լիազորությունների շրջանակներում սահմանված ժամկետներում կկայացնի իր որոշումները, որոնք ենթակա են պարտադիր կատարման։
Ցանկացած օրենք կարելի է բողոքարկել և երկրում կասեցնել ցանկացած գործընթաց», – ասել է Ասատրյանը։
Հարցին՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին երկարաժամկետ կտրվածքով գումարներ տա մի կառավարությանը, որի նկատմամբ վստահություն չունի, Ասատրյանը պատասխանել է․
«Բացի ընդունված մի շարք օրենքներից, ակտերից ու ձևավորված ենթակառուցվածքներից ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվել անմիջականորեն մասնակցել այդ բոլոր միջոցների կառավարմանն ու հսկողությանը»։
Լուսանկարը՝ Արմենպրես