«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու ծրագիրը, որը ներկայացվել է օդանավակայանի կառավարչի կողմից, արժանացել է կառավարության հավանությանը։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը։
«Քանդման գործընթացի ծրագիրն ընդունվել է, պարզապես կառավարության որոշման ժամանակ ՀՀ վարչապետը մեկ առաջարկ արեց, որը ընդունելի է և՛ ավիացիայի կողմից, և՛ պարոն Էռնեկյանի (Էդուարդո Էռնեկյանը «Զվարթնոց»-ի սեփականատերն է) թիմի կողմից», – ասել է Մովսիսյանը։
Առաջարկի համաձայն, հին մասնաշենքի փոխարեն կարելի է այգի ստեղծել, տեղադրել արդեն քանդված հուշարձանների մակետները և այգին ժամանցի վայր դարձնել։ Բանախոսը նշել է, որ Էռնեկյանի թիմը մինչև տարեվերջ կներկայացնի իր լուծումները։
«Այգին կարող է լինել քանդվող շենքի տեղում, կամ դրա փոխարեն մեկ այլ լուծում կտրվի, պարզապես պետք է սպասենք մինչև տարեվերջ», – եզրափակել է Մովսիսյանը։