ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների շուրջ 90%-ը գնացել է գործազրկության նպաստ վճարելու պասիվ ծրագրին, որը ոչ արդյունավետ էր։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ խոսելով 2013 թվականին ընդունված գործազրկության նպաստը վերացնելու որոշման մասին։
«Այն, որ գործազրկության նպաստ ստացող անձը զբաղվածությամբ չի ապահովվում, խոսում է ծրագրի ոչ արդյունավետ լինելու մասին։ Մեր նպատակը աշխատանք փնտրող քաղաքացիներին աշխատանքով ապահովելն է։ 2014 թվականի ծրագրով նախատեսվում է, որ աշխատաշուկայում ակտիվ աշխատանք փնտրող մեր քաղաքացիները համապատասխանեցնեն իրենց մասնագիտությունն ու որակավորումն աշխատաշուկայում առկա իրողություններին և գտնեն իրենց աշխատանքը», – նշել է Ասատրյանը։
Նախարարը լրջագույն խնդիր է համարել երիտասարդների՝ բավական բարձր տոկոս ունեցող գործազրկությունը և նշել, որ այս տարի շեշտը դրվելու է գործատուների մոտ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման վրա։
Ասատրյանն ավելացրել է, որ հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը կազմել է 14 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին 10 տարվա համար 700 դրամ է, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 450 դրամ։
«Արդյունքում միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կազմում է շուրջ 36 հազար դրամ՝ 31 հազարի փոխարեն: Սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 516 հազար 968 կենսաթոշակառու», – ասել է նախարարը։