Հայաստանում տարբեր ոլորտներում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն արդիական են եղել նաև 2013 թվականին։ Human Rights Watch (Հյուման Ռայթս Վոտչ) միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաշխարհային զեկույցի` Հայաստանին վերաբերող հատվածում ամփոփ կերպով ներկայացվում են խնդրահարույց ոլորտները և մարդու իրավունքների խախտման դեպքերը։
Անդրադառնալով 2013-ին կայացած 2 ընտրություններին՝ ՀՀ նախագահի և Երևանի ավագանու, զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ, չնայած դրանք, ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցների, հիմնականում լավ էին կազմակերպված, այնուամենայնիվ, եղել են բազմաթիվ հաղորդումներ ձայների գնման, վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակեղծիքների, ոստիկանության կողմից քաղաքացիների բողոքներն անուշադրության մատնելու մասին։
2013 թվականի օգոստոսին ոստիկանությունը ուժ գործադրեց Երևանի կենտրոնում բարձրահարկ շենք կառուցելու դեմ բողոքի ցույց կազմակերպած բնակիչների ու ակտիվիստների դեմ։ Ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ 26 ցուցարարների ու ծեծի ենթարկեց առնվազն 1-ին՝ ոստիկանության բաժանմունք տեղափոխելիս․ ցուցարարը կարճ ժամանակով հոսպիտալացվեց։ Հոկտեմբերին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարեց, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ էր կիրառել, սակայն ոչ մի կարգապահական քայլեր չարվեցին։
Զեկույցը անդրադարձ է կատարել նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» Հ/Կ-ին՝ նշելով, որ կենտրոնը տարվա ընթացքում բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ազգայնական խմբերի կողմից, այդ թվում՝ մեկնաբանություններ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, որոնք սպառնացել են պայթեցնել կենտրոնն ու կտրել դրա ներկայացուցիչների կոկորդները։ Այս սպառնալիքների մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, սակայն իշխանությունները մինչ այժմ հետաքննություն չեն սկսել։
Նոյեմբերին դեպի նախագահական նստավայր երթ կազմակերպելու փորձից հետո ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվեցին ընդդիմադիր գործիչ Շանթ Հարությունյանն ու 13 այլ ակտիվիստներ։ Կառավարությունը պնդում է, որ խումբը մտադիր էր ուժով գրավել վարչական շենքը։ Զեկույցի կազմման պահին բոլոր ձերբակալվածները գտնվում էին նախնական կալանքի տակ․ նրանք մեղադրվում են իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեջ։
Հարությունյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը կալանքի տակ գտնվելու ընթացքում ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, սակայն իշխանությունները նրա հայտարարությունների վերաբերյալ հետաքննություն չեն սկսել, նշում են զեկույցի հեղինակները։
«Տեղի իրավապաշտպանների համաձայն՝ կալանավայրերում խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը մշտական բնույթ են կրում, իսկ Հայաստանում խոշտանգումների սահմանումը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, քանի որ այն չի ներառում պետական պաշտոնյաների կողմից իրականացված հանցագործությունները։ Իշխանությունները հաճախ հրաժարվում են հետաքննել խոշտանգումների մեղադրանքները կամ զոհերին ստիպում են հետ վերցնել իրենց բողոքները։ Ոստիկանությունը խոշտանգումների միջոցով կասկածյալներից ու վկաներից խոստովանական ու մեղադրական հայտարարություններ է ստանում»,- նշված է զեկույցի մեջ։
Զեկույցի հեղինակների համաձայն՝ Հայաստանը տարաբնույթ տպագիր ու առցանց լրատվամիջոցներ ունի։ Հեռուստատեսությունում, սակայն, բացակայում է բազմակարծությունը։ Օրինակ, Հայաստանի 13 հեռուստաընկերություններից միայն 1-ն է քաղաքական թոք-շոուներ հեռարձակում։ Միջազգային դիտորդները նկատել են, որ մամուլը «ընտրողական մոտեցում» է ցուցաբերել հետընտրական զարգացումները ներկայացնելիս՝ սահմանափակելով ընտրությունների ընթացքին քննադատորեն վերաբերվող կարծիքները։
Անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ համայնքի վիճակին՝ զեկույցի հեղինակները նշում են, որ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանում տիրող հոմոֆոբիայի մասին։ ««ՓԻՆՔ Արմենիա» Հ/Կ-ի համաձայն՝ մարմնավաճառությամբ զբաղվող տրանսգենդեր կանայք պարբերաբար բռնության են ենթարկվում, սակայն ոստիկանության կողմից պաշտպանություն չեն ստանում։ «ՓԻՆՔ Արմենիա»-ն նաև հաղորդում է, որ ԼԳԲՏ բնակչությունը արժանանում է խտրական վերաբերմունքի աշխատանքի, առողջապահության ոլորտներում, ֆիզիկական ու հոգեբանական հարձակումների ենթարկվում բանակում, հասարակությունում, ինչպես նաև ընտանիքներում։
«Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն՝ պետական պաշտոնյաները հաճախ հանդուրժում են ԼԲԳՏ ներկայացուցիչների դեմ հարձակումները՝ բռնությունը որպես «ազգային արժեքների արտահայտում» որակելով»։