Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանը Սեուլում բուժման համար 185 հազար դոլար է ծախսել․ կորեական մամուլ

Սերժ Սարգսյանը Սեուլում բուժման համար 185 հազար դոլար է ծախսել․ կորեական մամուլ

Հարավային Կորեայի արագ զարգացող բժշկական զբոսաշրջությունն առաջին անգամ գրավել է օտարերկրյա պետության ղեկավարի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունը, գրում է հարավկորեական chosun.com կայքը:

Համաձայն կայքի, վերջերս այդ երկրում Սերժ Սարգսյանը վերականգնողական բժշկական կուրս է անցել:

«Հունվարի 9-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ՝ սև սեդանների շարասյունը Հայաստանի նախագահին հասցրել է Սեուլի Գանգնամ թաղամասի «Չաում» բժշկական կենտրոն: «Չաում»-ը CHA Health Systems ընկերության կողմից ղեկավարվող վերականգնողական կլինիկա է։

Սերժ Սարգսյանին ուղեկցում էին նախկին ԽՍՀՄ արբանյակ երկրներից մեկի նախկին նախագահը (հայաստանյան մամուլում տեղեկություններ կային, որ Սերժ Սարգսյանը Սեուլում է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ – խմբ․) ու մի հայազգի մեծահարուստ (լուսանկարում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է-խմբ․) Ռուսաստանից։ Նշենք, որ կայքի հրապարակած լուսանկարում է նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը (կարմիր սվիտերով)։

serzhsargsyan

Կայքը նշում է, որ մեծահարուստը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախորդ տարի Կորեա կատարած այցի պատվիրակության անդամ էր ու այդ ժամանակ նույն կլինիկայում բուժումներ էր անցել։

Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր այցելել է «Չաում» կենտրոն ու բուժումներ ատացել, այդ թվում՝ ցողունային բջիջների թերապիա, սպա և երիտասարդացման թերապիա, մարմնի հարթեցում, մերսման և քաշի վերահսկման ծրագրեր։  

Կլինիկայի աշխատակիցների խոսքով՝ Սարգսյանին իր այցի ընթացքում ուղեկցում էր ոստիկանությունն ու Ազգային հետախուզական ծառայությունը։ Խումբը ընդհանուր առմամբ բուժման համար վճարել է 200 միլիոն կորեական վոն (1 դոլարը = 1,076 վոն, 185 հազար դոլար) ու հեռացել է հունվարի 17-ին», – գրում է chosun.com:

Համաձայն հարավկորեական լրատվամիջոցի, «Չաում» կենտրոնը բավական հայտնի բժշկական հաստատություն է։ Այստեղ, օրինակ, ծնկի վիրահատություն է տարել հոլանդացի մարզիչ, Հարավային Կորեայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը։ Կլինիկայում նաև բուժվել են Ղազախստանի վարչապետը, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների թագավորական ընտանիքների անդամները։

Անցյալ տարի բժշկական օգնություն ստանալու համար Հարավային Կորեա է այցելել 200 հազար մարդ։