Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին՝ խնդրելով ԵԽԽՎ գալիք նիստի ընթացքում քննարկել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանի հեռացման արդարացիությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթից հետո, Փոստանջյանը վերջինիս հարցրել էր, թե արդյո՞ք նա վերջերս եվրոպական կազինոներից մեկում 70 միլիոն եվրո է կորցրել, որից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ փոփոխություն է կատարելու ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության կազմում:
Թվով 19 ՀԿ-ներ հայտարարել են, որ Աբրահամյանն ընդունել է կարգադրություններ, որոնք ուղղված են եղել «Ժառանգություն» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ և միտված են ՀՀԿ-ի կողմից վրեժ լուծելու կուսակցության առաջնորդին քննադատության ենթարկելու համար: Դրանցով, ըստ ՀԿ-ների, խախտվում է ԵԽԽՎ-ում կուսակցությունների կամ ազգային խորհրդարանների պատվիրակությունների արդար ներկայացվածության վերաբերյալ 1798 (2011) բանաձևը:
«ԱԺ նախագահի վերոնշյալ կարգադրությունները հավասար հնարավորություններ չեն ապահովում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների համար և ըստ էության ընդդիմադիր կուսակցությանը զրկում են այլընտրանքային կարծիք արտահայտելու հնարավորությունից՝ որպես խորհրդարանական աշխատանքի անբաժան մաս: Այս ամենը խախտում է պատվիրակության բազմակարծությունը՝ վտանգելով ընդդիմադիր խմբակցության և ողջ ազգային պատվիրակության արդյունավետությունը»,- ասված է ԵԽԽՎ նախագահին ուղղված նամակում:
Նամակին միացած ՀԿ-ների թվում են «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը և այլ կազմակերպություններ: