Հունվարի 28-ին` Հայաստանի բանակի կազմավորման օրը, Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դառնում է 23 տարեկան։
Epress.am-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարությունը, նշել է, որ հունվարի 28-ը պետք է կրկնակի տոն լիներ իրենց ընտանիքում, սակայն եղբոր գերության փաստը տոնն անհնարին է դարձնում։ Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունից էլ այսօր իրենց չեն հիշել, առավել ևս՝ չեն շնորհավորել։
Հարությունը փաստել է, որ մինչ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի գլխավորությամբ նշում են Բանակի տոնը, հարյուրավոր ընտանիքներ «սփոփանքի մեկ խոսքի, մեկ բառի» կարիքն ունեն։
«Նախարարներից ոմանք այս պահին ձեռքները բարձրացրած պարում են, ոմանք շատ ուրախ կենացներ են ասում ու բարձրակոչ ճառերով խմում են, իրենք իրենց պարգևատրում են, սակայն հաշվի չեն առնում, որ կա մի բնակարան, որտեղ կրկնակի տոն է, սակայն ոչ մեկը նշել չեն կարողանում, քանի որ իրենց որդին գերության մեջ է։ Կան ընտանիքներ, որտեղ սուգ է, որովհետև հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս իրենց որդիները զոհվեցին։ Ոնց հասկանում եմ՝ ՊՆ-ն ոչ մի հուսադրող ու ցավակցական խոսք չի ուղղել այդ ընտանիքներից և ոչ մեկին», – ասել է Հարություն Ինջիղուլյանը։
Նա հարց է բարձրացրել՝ արդյոք պաշտոնյաները երբևէ հիշել են պատերազմում իրենց առողջությունը կորցրած ու նահատակված զինվորների, ազատամարտիկների ընտանիքներին։
Սպասողական վիճակում գտնվող ընտանիքի անդամները, այնուամենայնիվ, հույս ունեն, որ Հակոբի 24-րդ տարեդարձը միասին են նշելու։
Ավելի վաղ Ինջիղուլյանի ընտանիքը դիմել էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով Հակոբի ծննդյան օրը հնարավորություն ընձեռել գոնե ինտերնետի միջոցով մի քանի բառ փոխանակել տղայի հետ, սակայն դա հնարավոր չի եղել կազմակերպել։
Նշենք, որ զինծառայող Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը ծառայությունն իրականացնելու ընթացքում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի միջնորդությամբ բանակցություններ են տարվում նրան հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: