Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին The Wall Street Journal-ում հրապարակած իր հոդվածում կոչ է անում Ուկրաինայում տեղի ունեցողը չշփոթել «այլ երկրներում անցկացվող ցույցերի հետ, որտեղ մարդիկ պայքարում են սոցիալական իրավունքների համար կամ բողոքում կոռումպացված կառավարության դեմ»։ Նրա խոսքով՝ Կիևում սկսվել է «21-րդ դարի առաջին աշխարհաքաղաքական հեղափոխությունը»։ «Այս միջպետական մակարդակի իրադարձությունը ոչ միայն դիմակայություն է հարյուր հազարավոր ցուցարարների ու Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի միջև, այլև պայքար երկու գաղափարախոսությունների, աշխարհի մասին երկու պատկերացումների՝ անկախ արևմտյան ժողովրդավարության ու պուտինյան Ռուսաստանի միջև»։
«Վերջին տարիներին Պուտինին քաջություն է հաղորդում այն, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ծանրաբեռնված են այլ տարածաշրջաններում առկա այլ ճգնաժամներով։ Նրան ուժ են տալիս քաղաքական հաջողությունները Հայաստանում, Վրաստանում, ինչպես նաև Ուկրաինայում․ 2010 թվականին նա փոխարինեց 2004 թվականի՝ իր կողմից ատելի «նարնջագույն հեղափոխությունից» հետո կազմավորված կառավարությունը։ Թվում է՝ Պուտինը համոզված էր, որ վերջապես իրեն հաջողվում էր Արևմուտքը դուրս մղել հետխորհրդային տարածքից, որն ինքը համարում է իր բնական ժառանգությունը։ Սակայն ուժի մեջ մտավ անկանխատեսելի գործոն՝ ուկրաինացիների ցանկությունն ապրել ժողովրդավարական, բաց ու եվրոպական հասարակությունում, որի գլխին կանգնած կլիներ անպիղծ կառավարություն»,- գրում է Սաակաշվիլին։
«Ես Վլադիմիր Պուտինին բավական լավ եմ ճանաչում, որպեսզի հասկանամ, որ ինքն է կանգնած Կիևում ուժային ակցիաների հետևում։ Ճիշտ այնպես, ինչպես նա իր բաժինն ունի Բաշար Ասադի կողմից սիրիացիների զագվածային սպանությունների ու Իրանի միջուկային ծրագրի մեջ», – պնդում է քաղաքական գործիչը։
Խոսելով այն մասին, թե ինչպես են «Բերկուտ»-ի զինվորները ծեծել ու ծաղրելով ցրտին փողոց հանել կազակ Միխաիլ Գավրիլյուկին, Սաակաշվիլին դիմել է Արևմուտքի երկրներին․ «Ժողովրդավարական աշխարհը չպետք է այդ կազակին թողնի ցրտին։ Ժամանակն է գործել։ Ի՞նչ կարելի է անել։ Արևմուտքի երկրների կառավարություններն արդեն դատապարտել են Յանուկովիչի դաժան ուժային ակցիան, բայց միայն խոսքերը քիչ են։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ սահմանեն Ուկրաինայի ղեկավարության այն ներկայացուցիչների ու կողմանիցների դեմ, որոնք պատասխանատու են ճնշման համար։ Պատժամիջոցները պետք է ներառեն վիզաների տրամադրման արգելք, արտասահմանյան բանկերում անձնական հաշիվների սառեցում: Բողոքի առաջնորդները, մասնավորապես, Վիտալի Կլիչկոն, պետք է հրավիրվեն Վաշինգտոն կամ այլ արևմտյան մայրաքաղաք՝ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու համար։ Իսկ Մոսկվային պետք է հստակ զգուշացնել այլևս չմիջամտել Ուկրաինայի գործերին»։
«Ժամանակն է պատասխանատվության ենթարկել կնքահորը, այլ ոչ միայն նրա կլանի անդամներին։ Արևմուտքի համար խնդիրներ առաջացնող անհաջողությունների կենտրոնը գտնվում է Կրեմլում»,- եզրափակել է Սաակաշվիլին։