Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը որոշել է, թե ովքեր են ստանալու գիտական գործուղումների ֆինանսական աջակցություն: Առավելագույն 400.000 դրամ աջակցություն ստացողների թվում է նաև Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը:
Ծրագրի ֆեյսբուքյան խմբի էջում գրառումը լայն քննարկման առիթ է դարձել: Օգտատերերը պահանջում են տեղադրել տվյալներ այն մասին, թե որտեղ են անցկացվելու գիտաժողովները, որոնց պետք է մասնակցեն դրամաշնորհակիրները, ինչպես նաև մրցույթների հաղթողների աշխատանքի վայրերը:
Հիշեցնենք, որ Սևակ Խաչատրյանը այն երիտասարդներից մեկն էր, ով խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը Տնտեսագիտական համալսարանում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության օրը: Սևակ Խաչատրյանը լրագրողների վրա հարձակվածների ամբոխում էր, սակայն չէր ներկայանում. «դուք ո՞վ եք» հարցին պատասխանում էր՝ «էդ ի՞նչ կարևոր ա»: