Home / Հայաստան / Հայերն ու ադրբեջանցիները Մայդանը փոխարինել են Ղարաբաղով

Հայերն ու ադրբեջանցիները Մայդանը փոխարինել են Ղարաբաղով

Հայաստանի ու Ադրբեջանի բնակչությանն ահաբեկելու հերթական գործողությունը հաջողվեց։ ԶԼՄ-ները ցույց տվեցին հայրենիքին՝ ի դեմս իշխանության, ծառայելու իրենց ողջ պատրաստակամությունը։ Հեռուստատեսությամբ ու անկախ-հայրենասեր ցանցային ռեսուրսներում հնչող քարոզչությանն արդեն սովոր ենք։ Այս անգամ, սակայն, քարոզչառազմական կեղտը թափվում էր նաև ընդդիմադիր-օբյեկտիվ ու ամերիկաչեզոք լրատվամիջոցներից։ Լրագրությունը կրկին բախվեց փոխհրաձգությամբ զուգորդվող հակամարտությանը կրակի գծում, զոհվածների հերոսացմանն ու հակառակորդի նվաստացմանը։

Պաշտպանության նախարարությունները, որոնք տարիներով քողարկում են իրենց զինվորներին սպանողներին ու խոշտանգողներին, հանկարծ դառնում են տեղեկատվության միակ ու ամենահուսալի աղբյուրը։ Ու երկու երկրների ռազմական գերատեսչություններն արդեն ստիպված չեն բացատրություններ տալ (հրաժարական տալ կամ դատվել) 2014 թվականի սկզբին գրանցված բռնության հերթական աճի համար՝ զինվորների սպանություններ ու ինքնասպանություններ ոչ մարտական պայմաններում։

Լրագրողներն անգամ չէին փորձում ինքնուրույն ստուգել ուժայինների տրամադրած տեղեկատվության ճշգրտությունը։ Նրանց ավտոբուսներով սահման են տանում հենց Պաշտպանության նախարարության ցանկությամբ, որի մամուլի քարտուղարը ԶԼՄ-ներին կոչ է անում դուրս չգալ իրենց մամուլի հաղորդագրությունների սահմաններից ու թշնամու ջրաղացին ջուր չլցնել։

Տեղեկատվության ստուգումն ու վերստուգումը, մյուս կողմի կարծիքը, մի քանի աղբյուրների հետ աշխատանքը՝ այս ամենի անհրաժեշտությունը չկա, երբ ադրբեջանցիները (հեռուստատեսությունից դատելով՝ 9 միլիոնը) կրակում են մերոնց ուղղությամբ։

թշնամին դարպասների մոտ է

Հունվարի 20-ին Երևանն ու Ստեփանակերտը հայտնում են սահմանին տեղի ունեցած դիվերսիաների ու սերժանտի մահվան մասին։ Հակառակորդը՝ ի դեմս ադրբեջանական բանակի ղեկավարության, պնդում է, որ զինվորի ուղղությամբ իրենք չեն կրակել՝ երիտասարդը, իբր, դարձել է ոչ կանոնակարգային հարաբերությունների զոհ ու սպանությունը վերագրվել է թշնամուն։ Երիտասարդին հետմահու պարգևատրում են ու պատվով հուղարկավորում։

Հայ զինվորի մահվան վրեժն իրեն երկար սպասել չի տալիս։ Մի քանի օր անց զոհվում է ադրբեջանցի սպա։ Բաքուն ասում է, որ կրակել են հայերը (ադրբեջանական հեռուսատեսությունից դատելով՝ 3 միլիոնն ու Սփյուռքը)։ Զինվորին թաղում են Շահիդների ծառուղում։ Ղարաբաղից ու Երևանից հայտնում են, որ ոչ ոքի չեն սպանել՝ զինվորը դարձել է բանակում առկա անառողջ մթնոլորտի զոհ ու նրա մահը վերագրվել է հայերին, որոնք միայն պաշտպանվում են։

Ճակատի երկու կողմերն էլ սեփական փորձից գիտեն՝ ինչ է ոչ կանոնակարգային հարաբերությունը․ ադրբեջանցի ու հայաստանցի 100 զինծառայողներից 85-ը մահանում են ոչ մարտական պայմաններում։ Այսինքն, զոհերի մեծ մասը սպանվում է յուրայինների ձեռքով՝ համագնդեցիների ու սպաների կողմից մշտական խոշտանգումների հետևանքով։

Հաջորդող օրերը շարունակեցին խլել զինծառայողների ու սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքը։

պատերազմ

Ի՞նչ է պատերազմը՝ հղփացած թշնամուն պատժելու հնարավորությամբ իրական պատերազմը։

Պատերազմ չի լինի։ Կազմակերպված դիվերսիաներ, զոհերի վերահսկվող քանակ՝ այո, բայց մեծ զինված պատերազմ չի լինի։ Երկու երկրների իշխող կլանները գուշակում են՝ ում վրա զենք կուղղեն մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ համակերպվել են մի խումբ մարդկանց հարստացման, ուժայինների, դատական ու հարկային մարմինների, կրթական ու բժշկական հաստատությունների անօրինականությունների հետ․․․

Նոր պատերազմ նշանակում է նոր հերոսներ, նոր գեներալներ, նոր ղեկավարություն, տնտեսության նոր բաժանում, անհատական պարտքերի դուրսգրում ու անձնական վրեժ։

Այլ հարց է վերահսկվող դիվերսիան․ հասարակությունը մի փոքր խուճապահար է լինում, հրաժարվում բողոքի մնացորդներից, սեղմվում իշխանությանը, ներում կեղծված ընտրությունները, գնդակահարությունները, ուժի կիրառումն ու շնորհակալություն հայտնում կայունության համար։ Թշնամին, իր հերթին, իրեն այնպես է պահում, ինչպես ժողովրդին զգուշացնում էին քաղաքական գործիչները, լրագրողները, ուսուցիչները, պատմաբանները, քաղաքագետները, տեղեկատվական անվտանգության փորձագետները, պապիկներն ու տատիկները։ Վերահսկիչը սկսում է մարդկային հատկանիշներ ձեռք բերել, քանի որ նրան նայում ես թշնամու աչքերով, որը, իբր, տարբերություն չի տեսնում բռնաբարողի ու զոհի միջև, եթե վերջիններս նույն ազգին են պատկանում։

հայ-ադրբեջանական ժողովուրդների նախագահները

Բայց ինչպե՞ս կարելի է վերահսկել դիվերսիան։ Ինչո՞ւ են թշնամին, նրա իշխանությունը, զինծառայողներն ու ԶԼՄ-ներն իրենց պահում այնպես, ինչպես պետք է։ Ե՞րբ ու ի՞նչ մակարդակով է նրանց միջև պայմանավորվածություն ձեռք բերվել։

Հայ-ադրբեջանական ժողովուրդների նախագահները հանդիպել են տասնյակ անգամներ, ժամեր շարունակ շփվել, այդ թվում՝ տետ ա տետ։ Այնուհետև միջնորդները ասում են, որ մի շարք հարցերի շուրջ շփման եզրեր կան։ Հանրությունը բանակցությունների գաղտնազերծում չի պահանջում։

Իրենք՝ հայ-ադրբեջանական առաջնորդները, հանրային ելույթների ժամանակ իրենցն են պնդում՝ տարածքային ամբողջականությունն ամուր է, ոչ մի անկախություն Ղարաբաղին։ Կամ՝ Ղարաբաղի անկախությունը լուծված հարց է, վերջնական կարգավորումը չի կարող լինել առանց Ստեփանակերտի մասնակցության, որը, իր հերթին, չի քննարկում իր Լեռնային մասի սահմաններից դուրս շրջանների վերադարձման հնարավորությունը, քանի որ ըստ չճանաչված հանրապետության սահմանադրության՝ դրանք իր անբաժանելի մասն են կազմում։ Ավելին՝ նախագահները հանդիպումների միջև Հայաստանի մասին խոսում են որպես Արևմտյան Ադրբեջանի, ինչպես նաև այն մասին, որ արևելքում դեռևս կան չազատագրված պատմական հայկական հողեր։

Թվում է՝ պետությունների ղեկավարները, մեկ անգամ ծանոթանալով միմյանց մոտեցումներին, կդադարեցնեին հանդիպումները, քանի դեռ դիրքորոշումներում սկզբունքային փոփողություններ չեն եղել։ Հանդիպումները, սակայն, կրկին ու կրկին կազմակերպվում են։ Այսպիսով, ինչի՞ մասին են խոսում հայ-ադրբեջանական նախագահները։ Այս հարցի պատասխանը, հավանաբար, բացահայտում է դիվերսիաների կազմակերպված ու կանխատեսելի լինելու բնույթն ու դրանց հետագա մեկնաբանությունները։

Իշխանությունն ամեն այսպիսի գործողությունից հետո ամրապնդում է իր դիրքերը, արտաքին ուժերը պահպանում են իրենց բիզնես նախագծերի անվտանգության երաշխիքներն ու փոքր հասարակություններին մանիպուլյացիայի ենթարկելու գործիքները՝ նրանց թողնելով միջազգային քաղաքականության օբյեկտներ ու զարգացման նպատակով ջանքերի միաձուլումն անհնար դարձնելով։

Այս փուլում դիվերսիաների միջոցով տարվող պայքարն արդեն տարածաշրջանում հեղափոխական փոփողությունների ոչ միայն սպառնալիք չի պարունակում, այլև հասարակությունն անգամ ազատության մի կտոր վերագրավելու մտքի հնարավորություն չի կարող ունենալ։ Իսկ այդ մտքերը, որոնք մոլորվել են պատմական արդարության, հարևանների նկատմամբ տածած ատելության, մեծերի ու հզորների հանդեպ հնազանդության ջունգլիներում, կարող էին առաջանալ Կիևի կենտրոնից ուղիղ հեռարձակում դիտելիս։

Ինչո՞ւ են հօդս ցնդում մեր մայդանները, ինչո՞ւ խաղաղ ցուցարարների մահն ավելի մեծ թվով մարդկանց փողոց դուրս չի բերում, այլ հրապարակները մաքրում է հավաքներից, ինչո՞ւ ենք մենք համակերպվում ոստիկանությունում, բանակում տեղի ունեցող խոշտանգումների ու սպաների, գեներալների ու նախարարների անձեռնմխելիության, նախարարների ու չինովնիկների բիզնեսի, պարտադիր կենսաթոշակային հիմնադրամների ձևով դրամաշորթության օրինականացման, ինքնիշխանության մնացորդները Մոսկվային հանձնելու հետ․․․

Տարին մի քանի դիվերսիա, ու փոփողությունների հնարավորության մասին մտքերն անհետանում են՝ հայ-ադրբեջանական ժողովրդին զրկելով անվտանգության իրավունքից։

Յուրի Մ․

լուսանկարը՝ mival.az-ի