Գլխավոր / Հայաստան / Որոտանի ՀԷԿ-երի համալիրը վաճառեցին ամերիկյան ընկերությանը

Որոտանի ՀԷԿ-երի համալիրը վաճառեցին ամերիկյան ընկերությանը

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել վաճառել «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» ՓԲԸ-ն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը:

Առաջիկա 6 տարիների ընթացքում «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար «Որոտանի» հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում, համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։ Վերջինս հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարիների ընթացքում Որոտան համալիրի անխափան և շարունակական շահագործումը:

«Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,- գույքի առուվաճառքի պայմանագրի ստորագրումից ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ամերիկյան ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին վստահեցրել է, որ իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար:

«Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը:

Լիվսլիի խոսքով՝ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, իր հերթին, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կարևորելով գործարքը, նշել է, որ այն կնպաստի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:

«Քոնթուր գլոբալ» ընկերությունը տեղակայված է Նյու Յորքումև ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։

«Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: